Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 298 մլրդ դրամ պետք է հավաքագրեն մինչեւ երկրորդ եռամսյակի ավարտը:
Հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ էր տվել՝ կրճատումներ, տնտեսումներ անելու, ի՞նչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ ու ում հաշվին են կրճատումներն անելու՝ նա պատասխանեց, որ ծախսերի կրճատման որոշակի մոտեցումներ կան, որը պետք է քննարկեն վաղը՝ կառավարության նիստում. «Վաղը ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի»:
Հարցին՝ հնարավո՞ր է արտաբյուջեները գերատեսչությունների վերցնեք, չունենան այլեւս արտաբյուջե, օրինակ, ոստիկանության արտաբյուջեն՝ Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է. «Բայց կոնկրետ այդ հարցն այն փուլում չէ, որ մամուլին ներկայացնենք»:
Հարցին՝ երբ Հովիկ Աբրահամյանն ասում է ծառայողական մեքենաները կրճատվեն, բիզնես կարգից չօգտվեն գործուղումների ժամանակ, ո՞ւմ համար կարվեն այս կրճատումները՝ մանր չինովնիկների՞, թե՞ խոշորների դեպքում էլ է դա հնարավոր՝ Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Նախ, պետք է առանձնացնենք, թե որն է մանր չինովնիկը, որն է խոշորը: Մանր չինովնիկները ոնց որ թե չունեն մեքենաներ, այսինքն, մանր չինովնիկ համարվում է առաջատար մասնագետը, գլխավոր մասնագետը, իսկ իրենք մեքենա չունեն»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ փոխնախարարներին ասենք նկատի ունենք՝ հարուցեց փոխնախարար Պավել Սաֆարյանի ծիծաղը. «Փոխնախարարը ձեր կարծիքով մանր չինովնիկ է, ես հրաժեշտ կտամ ձեզ»:
Նա ասաց, որ կրճատումները փուլերով է իրականացվելու, սկզբնական փուլում հիմնական շեշտադրումը այն ավտոմեքենաների վրա է դրվելու, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են պետական բյուջեից՝ եւ պահպանման ծախսերն են բյուջեի վրա:
Հարցին՝ օրինակ, վարչապետի հետեւից մի քանի ավտոմեքենա է գնում, դրանցից ո՞րն եք կրճատելու՝ փոխնախարարը պատասխանեց. «Հետեւից այսինքն ո՞նց, հստակ ասեք: Ուղեկցող ավտոմեքենաների դեպքում պետք է նայել միջազգային պրակտիկան, որովհետեւ անվտանգության խորհրդի անդամները, որպես կանոն, ունենում են անվտանգության ծառայություններ»:
Լրագրողների դիտարկմանը, որ փաստորեն դրանց ձեռք չեք տալու՝ փոխնախարարը հակադարձեց. «Դեռ վերջնական որոշում չի կայացվել»:
Թե ժողովուրդը ե՞րբ կտեսնի արդյունքները վերջնական՝ փոխնախարարը կատակեց. «Այսինքն, ի՞նչ է նշանակում ժողովուրդը տեսնի արդյունքը, դուք ոնց որ թե գարնան արդյունքների մասին եք ուզում իմանալ՝ բերքը ինչ կլինի: Վաղը, օրինակ, կիմանան, որ որոշակի բնագավառներում, որոշ գերատեսչություններում կոնկրետ որ պաշտոնների գծով կրճատումներ կլինեն: Ժողովուրդը կտեսնի՞ դրանից արդյունք»:
Հարցին՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե՞ ոչ՝ նա չպատասխանեց, ասելով, որ կադրերի բաժնում չէ եւ 570 հոգի է իրենց մոտ աշխատում. «Անձամբ չեմ հետաքրքրվել՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին աշխատում է, թե չէ, եթե չեմ սխալվում՝ դիմումի համաձայն դուրս է եկել, բայց հստակ չգիտեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ