Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը խոսել է 2016թ. մայիսի 16-ին Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend.az-ը։
Մեկնաբանելով համանախագահների այն հայտարարությունը, որի համաձայն պետք է ընդլայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները, Մամեդովն ասել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորություններում էական փոփոխություններ լինել չեն կարող։ Այնտեղ (նկատի ունի Վիեննայում,-խմբ.) նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է և այդ թեմայով մենք չենք ստանձնել որևէ պարտավորվածություն»։
Խոսելով հայկական կողմի մասին՝ Մամեդովն ասել է, որ հայկական ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի ընդունած բանաձևերում։