Մայիսի 17-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ:
Ազգային ժողովի կայքի համաձայն՝ տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու ծրագրի համար:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանը եւ Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ եւ օբյեկտիվ գնահատականի կարիքը:
Նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված եւ գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է միջազգային կառույցներում Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների աշխատանքը՝ նշելով, որ, ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով:
Քննարկվել են նաեւ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Գերմանիան, որն այնքան ուժ է ունեցել ճանաչելու Հոլոքոստը՝ դրանով եւս մեկ անգամ փաստելով, որ ուժեղ պետություն է, ուղղակի պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որքան էլ որ այսօր եւ մշտապես ակնհայտ է եղել Թուրքիայի հստակ ազդեցությունը Գերմանիայի վրա:
Գերմանացի պատգամավորները բարձրացրել են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող ծանր զինատեսակների հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այդ խնդիրը բավականին զգայուն եւ ցավոտ հարց է Հայաստանում, ինչին անդրադարձ եղել է եւ դեռ լինելու է:
Ուլլա Ելպքեն նշել է, որ իրենց քաղաքական ուժը՝ Ձախերի կուսակցությունը, դեմ է ռազմական գործողություններին եւ կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորումը: Նա անդրադարձել է Գերմանիայի ուսումնակրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի ներառման անհրաժեշտությանը: Տիկին Ելպքեն առանձնակի կարեւորել է իրենց այցն Արցախ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար: