ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից սպասումներն արդարացան: Ըստ նրա՝ այդ հանդիպումից հետո բանակցային նոր փուլ կսկսի:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը հայտարարեց. «Այն սպասումները, որ կային եռանախագահների կողմից, ինչպես նաև մամուլում, ի վերջո արդարացան: Նախ հրադադարի ռեժիմի ամրապնդում, հայտարարության մեջ տեղ գտան 1994-1995-ի համաձայնագրերը, այն ձևակերպումը, որ կողմերը համաձայնագրերի ամրապնդմանն իրենց աջակցությունն են հայտնում: Մյուս կարևոր ձեռքբերումն այն էր, որ համաձայնություն է ձեռք բերվել մշտադիտարկում իրականացնել ու հետաքննող մեխանիզմներ ներդնել»:
Այս առիթով պարոն Դավթյանը մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանին ոչ ոք չի խնդրել այդ հարցում համաձայնություն տալ. նա կամովին է համաձայնություն տվել:
Երկու նախագահների հանդիպման մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ հանդիպումներն անհրաժեշտ են, բայց այդ խոսակցությունները պետք է լինեն հստակ ուրվագծված:
Կարդացեք նաև
Հանդիպումից միակ դրական ձեռքբերումը տիկին Սեդրակյանը հետևյալն է համարում. «Միակ դրական երեւույթն այն է, որ հետաքննության մեխանիզմներ են ներդրվելու շփման գծում: Սա շատ կարեւոր երաշխիք է, սակայն բավարար չէ: Մյուս դրական քայլն այն էր, որ Սերժ Սարգսյանը խոստումներ չտվեց, վերջապես հասկացան, որ քաղաքականությունը մերկապարանոց հայտարարություն չէ»:
Իսկ թե ինչու Արցախի ներկայացուցիչր ներկա չէր Վիեննայում կայացած հանդիպմանը, պարոն Դավթյանը նշեց. «Ադրբեջանը շանտաժով հանել է Արցախը բանակցային գործընթացից»:
Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը խախտել է ստատուս քվոն եւ դրա համար պետք է պատժվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ