Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե նա չգիտի՞ ովքեր են տնտեսությունը մենաշնորհել, որ լրատվամիջոցներին, հ/կ-ներին ու անհատ քաղաքացիներին համագործակցության կոչ է անում` վարչապետի հանձնարարականը կատարելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պայքար է սկսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ` գերատեսչությունների ղեկավարներին երեք շաբաթ ժամանակ տալով իրավիճակը վերլուծելու եւ ներկայացնելու:
«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին մասնակցելու եկած էկոնոմիկայի նախարարը զարմանք հայտնեց, որ թափանցիկ ու հրապարակային աշխատելու իր նախաձեռնությունը քննադատությունների տեղիք է տվել:
Նրա խոսքերով. «Ուզո՞ւմ եք համատեղ աշխատենք, աշխատեք, ուզո՞ւմ եք աջակցեք` աջակցեք, բայց մի խանգարեք, փոխանակ լրագրողները, լրատվական դաշտն իրենք մասնակցեն այս գործընթացին, միանում են այն անձանց, որոնք իրենց քաղաքական շահերից ելնելով՝ փորձում են այս կարեւոր գործողությունը նսեմացնել: Չեք ուզում մի արեք, ես գնալու եմ այդ ուղղությամբ եւ պայքարելու եմ մենաշնորհների դեմ»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանի խոսքերով, որպեսզի հանրության շրջանում «մենաշնորհ, օլիգարխիա» հասկացությունը տրանսֆորմացնեք եւ պայքարը տանենք այդ ուղղությամբ, անհրաժեշտ է ամբողջական համակարգի լիարժեք գործարկում:
Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում սիրողական մակարդակով հայտարարություններ անել, քանի որ որպես նախարար՝ ամեն մի գործողության հիմքում պետք է դնի «օրենքը եւ իրավունքը»:
Հարցին, թե վարչապետի տված ժամկետը քի՞չ է գործողություններ անելու համար, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Վարչապետի տված ժամկետը բավարար է, որպեսզի մենք նշենք հիմնական խնդիրները, բայց այդ խնդիրները հիմնարար լուծում են պահանջում, որովհետեւ սահմանադրական նոր կարգավորումներով մենք պետք է դրանք անենք»: Ըստ նրա՝ սիրողականից անցում ենք կատարում համակարգային, ամբողջական հարցերի լուծմանը:
Մանրամասները` տեսանյութում
Էկոնոմիկայի նախարարը խոստացավ զեկույցի տեսքով հրապարակել բոլոր այն մարդկանց անունները, որոնք տնտեսությունում մենաշնորհներ ունեն. «Մի կասկածեք, բոլոր հայտնի անունները, որոնց մասին հիմի դուք մտածում եք, բոլոր նրանք կլինեն, բայց ես պետք է հրապարակեմ փաստարկված եւ հիմքերով»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը «ականջահաճո, ամբոխահաճո» հայտարարություններով չի փորձելու գրավել որոշ մարդկանց սրտերը, քանի որ հիմի շատ ավելի կարեւոր ու սկզբունքային է համարում երկրի զարգացումն ու առաջընթաց ապահովելը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ