Լրատվամիջոցներն ու մերձքաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ով ում կողքին էր նստել, ով էր ավելի աշխույժ զրուցում եւ ով՝ բութ հայացքով հետեւում զրուցակիցներին եւ այլն, բայց հիմնական հարցը մնում է հետեւյալը՝ ի վերջո ինչ տվեց այդ հանդիպումը։ Կամ, եթե ավելի կոնկրետ լինենք, ի՞նչն էր մեզ համար դրական, եւ ինչը՝ բացասական:
Սկսենք նրանից, որ հանդիպման փաստն ինքնին դրական էր։ Համենայն դեպս՝ Ադրբեջանը հավաստիացրեց, որ կողմ է հրադադարի պահպանմանը եւ նպատակ չունի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։ Ճիշտ է, այդ հավաստիացումները, մեծ հաշվով, գրոշի արժեք չունեն, բայց ամեն դեպքում՝ չեղածից լավ է։
Երկրորդ՝ կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց, որ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառվեն։ Երկար ժամանակ Ադրբեջանը դրան դեմ էր, Ռուսաստանը նույնպես ոգեւորված չէր այդ առաջարկով, բայց հիմա կարծես թե պայմանավորվեցին։
Երրորդ՝ հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ խոսքը ոչ թե նոր հրադադարի, այլ 1994-95 թվականների հրադադարի պահպանման մասին է, իսկ այդ փաստաթղթերի տակ կա նաեւ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը։
Կարդացեք նաև
Հիմա՝ բացասականի մասին։ Ամենակարեւորը թերեւս այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, ու այնպես ստացվեց, իբր՝ տեղյակ էլ չեն, թե ով է սկսել ապրիլյան պատերազմը։
Երկրորդը՝ հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունն ու մոնիտորինգի մեխանիզմների շուտափույթ նեդրումը փաստորեն ֆիքսում են շփման գծի ներկա վիճակը, եւ կտրուկ նվագում է հավանականությունը, որ հայկական ուժերը ետ կվերադարձնեն քառօրյա պատերազմում կորսված դիրքերը։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահներն «ի գիտություն ընդունեցին» քառօրյա պատերազմի արդյունքները եւ առաջ անցան։
Բայց մյուս կողմից էլ՝ հայկական ուժերը կարծես թե իրենց առջեւ այդ դիրքերը ետ բերելու խնդիր չէին էլ դրել, այնպես որ՝ սա համարենք երկրորդական (եթե այդ դիրքերր ետ բերելու որոշում ընդունվի՝ բնականաբար, հայկական ուժերը ոչ մի մոնիտորինգի էլ ուշադրություն չեն դարձնելու եւ դա անելու են «ադրբեջանցիների հարձակումը կասեցնելով ու հակագրոհի անցնելով»)։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում