ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է շախմատային ֆեդերացիայի հովանավորության ներքո ինտերնետային խաղ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանզի շախմատը նպաստում է համաձայնության և փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ստեղծմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի հաղորդածի համաձայն՝ Իլյումժինովն իր այդ նախաձեռնության մասին առաջինը տեղյակ է պահել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որը, Իլյումժինովի խոսքերով, մեծ ուրախությամբ ընդունել է առաջարկությունը։
Անդրադառնալով արդեն ադրբեջանական արձագանքներին՝ Իլյումժինովն ասել է. «Ադրբեջանի ղեկավարության հետ կհանդիպեմ մայիսի 24-ին՝ Բաքվում և կառաջարկեմ այդ նախաձեռնությունը»։
ՖԻԴԵ-ի նախագահի խոսքերով՝ Հայաստանում և Ադրբեջանում ապրող ցանկացած մարդ, որը կուզի մասնակցել այդ խաղին, կստանա այդ հնարավորությունը։
Կարդացեք նաև
ՖԻԴԵ- նախագահ Իլյումժինովի կարծիքով՝ աշխարհի ցանկացած հակամարտություն պետք է լուծվի շախմատային սեղանի շուրջ, իսկ պատերազմները պետք է տեղի ունենան միայն շախմատային տախտակի վրա։
Տեղեկացնենք նաև, որ 2016թ. մայիսի 17-ին Հայաստան ժամանած ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը բլից պարտիա խաղաց Սերժ Սարգսյանի հետ, որն ավարտվեց ոչ ոքի. «Սերժ Սարգսյանն ուժեղ խաղացող է, ուժեղ շախմատիստ, որը խորությամբ գիտի տեսությունը և պատահական չէ, որ նրա ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը երեք անգամ նվաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը»։
ՖԻԴԵ-ի նախագահի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության նախագահը ՖԻԴԵ-ի անդամ երկրների նախագահներից ամենալավն է շախմատ խաղում։ Հիշեցնենք, որ շախմատային այդ կազմակերպությանն անդամակցում է 187 երկիր։