«Մեր հայ գործընկերները, հուսով եմ, ըմբռնումով մոտեցան նիստի տեղափոխմանը: Ղազախստանն այս տարի ԵԱՏՄ խորհրդում նախագահող է, բայց բոլոր որոշումները, այդ թվում նաեւ նիստերի տեղն ու ժամանակը կոնսենսուսով է ընդունվում: Այսինքն, վարչապետների նիստի անցկացման վայրն ու ժամանակը պետք է հարմար լինի նիստին մասնակից բոլոր անդամների համար»,- սա ԵԱՏՄ նախարարների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի պատասխանն էր հայաստանցի լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար ԵԱՏՄ վարչապետների նիստի տեղափոխումը Երեւանից Մոսկվա`Ղազախստանի նախաձեռնությամբ, մի պետության չնեղացնելու համար, որը ԵԱՏՄ անդամ էլ չէ. չե՞ք կարծում, որ դա հայկական կողմի համար վիրավորական էր:
Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, ապրիլի 8-ին Երեւանում պետք է կայանար ԵԱՏՄ վարչապետների նիստը: Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում, Ղազախստանը վերապահումով հանդես եկավ`հայտարարելով, որ նիստի անցկացումը Երեւանում, կնշանակի կողմերից մեկին սատարում: Նիստը տեղափոխվեց Մոսկվա: Մայիսի 20-ին, սակայն, հերթական նիստը ևս նախատեսված է Երեւանում:
«Այդ պահին նիստի բոլոր մասնակիցները համաձայնության եկան նիստը Մոսկվա տեղափոխելու համար, որովհետեւ ԵԱՏՄ-ում չկա որեւէ քաղաքական չափում»,- ասաց Տատյանա Վալովայան:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը, որ նիստի տեղափոխումը Մոսկվա հենց քաղաքական դրդապատճառ ուներ`որպեսզի Ադրբեջանի չմտածի, թե բոլորը Հայաստանի կողմն են, տիկին Վալովայան ասաց, որ հասարակությունը կարող է նման թյուրըմբռնում ունենալ, բայց գոյություն ունի ՀԱՊԿ, երկկողմ համաձայնագրեր:
Նա շարունակեց, որ այդպիսով փորձ է արվել ոչ թե սրել կոնֆլիկտը, այլ հանդարտեցնել. «Մենք անպայման, ամսի 20-ին կգանք Երեւան: Ի դեպ, Մոսկվայում կայացած նիստը բավական արդյունավետ էր: Ես վստահ եմ, որ Երեւանում էլ նիստն արդյունավետ կկայանա: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, ես մեծ հույսեր ունեմ, որ Վիեննայում սկսված գործընթացը հետագայում էլ դրական կզարգանա: Եվ մեզ բոլորիս համար շատ կարեւոր է նաեւ ցույց տալ, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական կառույց է, ոչ ի քաղաքական գործընթաց չի կարող ազդել մեր տնտեսական ինտեգրացիայի վրա: ԵԱՏՄ անդամ ոչ մի երկիր չի կարող քաղաքական շահեր եւ նկրտումներ բերել այնտեղ»:
Տիկին Վալովայանհամաձայն չէ հայաստանցի լրագրողների հետ, որ նիստը Մոսկվա տեղափոխելու Ղազախստանի առաջարկը հենց քաղաքական տարր ուներ:
Aravot.am-ի հիշեցումն էլ, որ դեռ երկու տարի առաջ՝ Աստանայում, ԵԱՏՄ անդամ երկրների հավաքի ժամանակ ընթերցելով Ալիեւի նամակը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը բացահայտ քաղաքական ակցիա իրականացրեց, անարձագանք մնաց:
Տիկին Վալովայան հայտարարեց, որ Հայաստանին ԵԱՏՄ ընդունելով, հստակ պայմանավորվածություն է եղել`ԼՂՀ հարցն այդ կառույց «չբերելու» մասով:
Նա նկատում է նաեւ, որ այս ընթացքում վատացել են ՌԴ-ի հարաբերություններն արեւմտյան գործընկերների հետ, բայց ՌԴ-ն ԵԱՏՄ գործընկեր երկրներին երբեք չի առաջարկել`խզել կամ վերանայել այդ երկրների հետ իրենց հարաբերությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի`ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցության հարցին էլ տիկին Վալովայան հայտարարեց, որ ԵԱՏՄ-ի ընդլայնման բանակցություններ այս պահին որեւէ երկրի հետ չեն ընթանում: Եվ հավաստիացրեց, որ բոլոր որոշումներն, այդ թվում նաեւ՝ նոր անդամակցությունների մասով, փոխհամաձայնեցված են ընդունվելու: Մեծ հաշվով, միության ընդլայնմանը Տատյանա Վալովայան միայն դրական է նայում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ