2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությամբ կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսել է Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։
Անդրադառնալով Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը՝ Մամեդովն ասել է. «Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մենք մեր համաձայնությունն ենք տվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հետագա բանակցությունների շարունակման վերաբերյալ։ Ամենակարևորն է, որ առաջին հերթին պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ և հունիսին սկսենք բանակցությունները»։
Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ևս մեկ անգամ բարձրաձայնել է ադրբեջանական տեսակետները՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդպես ավելի լավ կլինի նույնիսկ Հայաստանի համար։