Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Դավիթ Հայրապետյանն այսօր կդառնար տասնինը տարեկան

Մայիս 18,2016 10:31

Քառօրյա պատերազմում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար գյուղը երկու հերոս տվեց հայրենիքին: Չնայած պատերազմի պատճառած ցավին՝ գյուղում հպարտանում են իրենց հերոսներով: Գագիկ Մելքոնյանի ու Դավիթ Հայրապետյանի համար Զոլաքարի երկու դպրոցներում էլ փառքի անկյուն են ստեղծել:
Զոլաքարցի Դավիթ Հայրապետյանը, ում 19-ամյակը կլրանար այսօր, եթե չլինեին ապրիլյան թեժ մարտերը, տանկի նշանառու էր, կռվել էր մինչեւ վերջին շունչը: Նրան գտել էին երեք տանկերի արանքում: Կապուտաչյա հերոսը զոհվեց քառօրյա պատերազմի ավարտից ժամեր առաջ: Ծնողները Դավիթի մահվան լուրն իմացան միայն ապրիլի 8-ին:
Դավիթը երեք ամիս էր, ինչ ծառայում էր Ղարաբաղում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել: Դավիթի ծնողները պատմում են, որ նա ի սկզբանե հենց Ղարաբաղում էր ցանկանում ծառայել, եւ Արմավիրում զորավարժանքն ավարտելիս ուրախ էր, որ Մարտակերտ է մեկնելու՝ ծառայությունը շարունակելու:

David_Hayrapetyan

Մինչեւ ապրիլի մեկը Մարտակերտում էլի զինվորներ էին զոհվել, բայց ծնողները պատմում են, որ Դավիթը չէր վախենում, պատրաստ էր կռվի, երբ էլ այն սկսվեր: Իսկ կռիվը սկսվեց անսպասելիորեն…

«Ես էդ ազգին ինձ թշնամի չէի համարում, որ մի տեղ խոսում էին, ասում էին՝ ադրբեջանցիք սենց են, նենց են, չգիտեմ ինչի` պաշտպանում էի, ասում էի՝ ի՞նչ գիտեք, կարող է իրանց մեջ էլ լավ մարդիկ կան,- պատմում է Դավիթի քույրը՝ Դիանան,- բայց հիմա՝ էսքանը տեսնելուց հետո, էլ ո՞նց պաշտպանեմ: Վերջին անգամ մարտի 30-ին եմ Դավիթի հետ խոսել, հեռախոսը չէր դնում, ասում էր՝ մի քիչ էլ խոսա հետս: Էդ օրը համարյա մի ժամ խոսել ենք, սովորաբար էդքան երկար չէինք խոսում… մի բան զգում էր երեւի»:

David_Hayrapetyan-2

Դավիթը տան ամենափոքրն էր, երեք եղբայրներն ու քույրը վաղուց արդեն ծնողների հետ չեն ապրում: Եղբայրները ՌԴ-ում են ապրում ու աշխատում, Զոլաքար էին եկել Դավիթի մահվան լուրն իմանալուց հետո: Դավիթի եղբայրը՝ Արծրունը, պատմում էր, որ վերջին անգամ Դավիթին մի քանի տարի առաջ էր տեսել. «էրեխա էր հլը»:
«Մեծ երեխա էր Դավիթը,- տխուր ժպիտով պատմում է քույրը,- էրեխեքիս համար որ քաղցրեղեն էի առնում, Դավիթը ձեռքներից վերցնում էր, ջղայնանում էի, մաման էլ ամեն անգամ գալիս, ասում էր՝ բա՞ իմ էրեխեն»:

David_Hayrapetyan-4

Իսկ Դավիթի մայրը՝ տիկին Մարինեն, հիշեց որդու տնկած ծիրանենին. «Մեր գյուղում ծիրան չի աճում, ամեն ինչ ունենք` բացի ծիրանից, բայց Դավիթիս տնկած ծիրանենին, արդեն քանի տարի ա` ծիրան ա տալիս: Ոչ մեկիս չէր թողնում մոտենանք ծառին…»: Դավիթի ծնողները հպարտությամբ ցույց տվեցին որդու արած նկարները՝ ինքն իր ծիրանենու հետ:

David_Hayrapetyan-5

Դավիթը արտաքնապես նման չէր ընտանիքի մյուս անդամներին. սպիտակամաշկ էր, կապուտաչյա: «Հարեւանները չէին հավատում, որ մեր էրեխեն է, ասում էին` մեզ նման չի: Մեր տան լույսն էր Դավիթը»,- ասում է տիկին Մարինեն, հետո արցունքների միջից հավելում՝ «Թուրքն էլ սենց ցավ թող չտեսնի»:

Իսկ Դավիթի հայրը՝ պարոն Ռազմիկը, գրեթե չկարողացավ խոսել, երբ փորձեցինք նրան էլ մի քանի հարց տալ, ասաց՝ «Ի՞նչ ասեմ, իմ ամենասիրած էրեխեն էր… էլ ի՞նչ ասեմ»:
ԱՐՓԻ ԲԵՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Լուսանկարները՝ Հայրապետյանների ընտանեկան արխիվից եւ Անահիտ Հարությունյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031