ԱՄՆ «Հանրապետական» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու, մեծահարուստ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Ֆեդերալ ընտրական կոմիտեին է ներկայացրել իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Hill-ը։
Թրամփի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ «Հանրապետական» կուսակցությունից նախագահի թեկնածու համարվող Թրամփի ունեցվածքը գերազանցում է 10 միլիարդ ԱՄՆ դոլարը։
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում տեղադրվել են անձամբ թեկնածուի մեկնաբանությունները՝ կապված իր ունեցվածքի և ուղարկված հայտարարագրի հետ. «Ֆեդերալ ընտրական կոմիտեին եմ ուղարկել իմ տեղեկանքը՝ ունեցվածքիս մասին, որը, նշում եմ հպարտությամբ, ամենամեծն է կոմիտեի պատմության ընթացքում ստացված տեղեկանքներից։ Չնայած ես իրավունք ունեի երկարաձգել ժամկետը (խոսքը տեղեկանքը ներկայացնելու ժամկետի մասին է,-խմբ.), ես ժամանակին ներկայացրի 104 էջից բաղկացած փաստաթուղթը»։
Առիթը բաց չթողնելով՝ Թրամփը չի խուսափել հեգնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Բերնի Սանդերսին. «Սանդերսն իր հերթին խնդրել է երկարաձգել իր փոքրիկ տեղեկանքի երկարաձգման ժամկետը»։
Կարդացեք նաև
Ուշագրավ է սակայն, որ Թրամփի ներկայացրած հայտարարագրում բացակայում են նրա հարկային պարտավորությունների կատարման մասին փաստաթղթերը, որը չէր վրիպել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող մեկ այլ թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի ուշադրությունից, որն էլ առիթը բաց չէր թողել և քննադատել էր Թրամփին։