2015 թվականի սեպտեմբերի 7-8-ը բելառուսական Գռոդնո քաղաքում տեղի ունեցած ԵՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկությամբ` ԵՏՄ երկրներում ազգային արժույթներով փոխհաշվարկների իրականացման եւ ռազմավարական ապրանքների առեւտրում ռուբլու անցման վերաբերյալ:
Խոսքը ոչ թե ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցման մասին է, այլ ընդամենը միջպետական առեւտրային գործարքներում ռուբլով գործարքներ կատարելու, մասնավորաբար ռազմավարական նշանակության ապրանքների` գազ, նավթ, այլ էներգակիրներ: Ըստ որոշ հաշվարկների՝ էներգակիրների՝ ռուբլով առեւտրի արդյունքում Հայաստանը տարեկան մեկ միլիարդ դոլար կարող է տնտեսել:
Ավելի ուշ, հոկտեմբերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղ ունեցած վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության եւ էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էին ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ադապտացիան նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ մի շարք ներդրումային նախագծերի հեռանկարներն ու ոլորտում սարքավորումների ներմուծումից կախվածության նվազեցմանն առնչվող հարցեր: Պուտինն անթույլատրելի էր համարել «օտարերկրյա արժույթի օգտագործումը» ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում ու հանձնարարել էր վերջ տալ նման պրակտիկային:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ արդյունքներ կան այս առնչությամբ, ԵԱՏՄ նախարարների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան ասաց, որ հարցն ուսումնասիրության ընթացքում է: ԵԱՏՄ վարչապետների վերջին հանդիպման ժամանակ կոնկրետ առաջարկներ էլ են հնչել: «Հույս ունեմ, որ այդ գործընթացը հետզհետե առաջ կշարժվի»,- ասաց տիկին Վալովայան`առայժմ ձեռնպահ մնալով առավել մանրամասներ հրապարակելուց:
Կարդացեք նաև
Ի դեպ, միասնական արժույթի հարց ԵԱՏՄ-ում դեռեւս չի քննարկվում: «Դրա ժամանակը դեռ չի եկել»,- ասաց Տատյանա Վալովայան: Նա շատ հավակնոտ, բայց շատ կարեւոր է համարում միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը: Այդ հարցին, ասում է`զգուշավոր եւ խնամքով են մոտենում:
Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:
Տիկին Վալովայան դրական է գնահատում ԵԱՏՄ-ի գործունեությունը, նկատի ունենալով անցած տարիների ընթացքում անդամ երկրների տնտեսական բարդ իրավիճակներն ու համաշխարհային տնտեսական զարգացումների բացասական միտումները: Թեեւ 2015-ին արտաքին աշխարհի հետ առեւտրաշրջանառությունը նվազել է, ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ նույնպես կրճատվել է 25 տոկոսով, բայց, ըստ բանախոսի, դա մեկ երրորդով քիչ է, քան արտաքին աշխարհի հետ առեւտրաշրջանառության նվազումը: Ֆիզիկական առումով, ԵԱՏՄ շրջանակներում առեւտրաշրջանառությունը չի նվազել, որոշ ոլորտներում թեեւ չնչին, բայց նաեւ աճ կա: Անկումն արձանագրվել է էներգառեսուրսների գների նվազման արդյունքում: Որոշակի դրական տեմպերով կայուն աճ է նկատվում արտադրական կոոպերացիայի ոլորտում:
Տիկին Վալովայան նաեւ մի քանի ուշագրավ վիճակագրական թվեր ներկայացրեց: Ըստ այդմ՝ 2014-ի վերջերից եւ 2015 թվականին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ մոտ 27 տոկոսով նվազել է, բայց ԱՊՀ այլ պետությունների առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ավելի շատ է նվազել: «Բայց եթե այդ շրջանառությունը դիտարկում ենք ապրանքային խմբերով, ապա ֆանտաստիկ թվեր են: Օրինակ՝ Հայաստանը 13 տոկոսով ավելացրել է ԵԱՏՄ անդամ երկրներին տեքստիլ ապրանքատեսակների մատակարարումը, կաթնամթերքը`2, 5 անգամ, միրգ-բանջարեղենը, ծխախոտը`կրկնակի անգամ, դեղագործական ապրանքների եւ կահույքի մասով ավելացումը 50 տոկոս է կազմում: Այս ամենը զուգահեռվում է Հայաստանի տնտեսական աճի տեմպերով: Սրանք վերավաճառքի արդյունքներ չեն: Հայաստանի գյուղատնտեսական աճը 11 տոկոսով ավելացել է, 50 տոկոս աճել է ծխախոտի արտադրությունը, հագուստը`17, դեղագործական ապրանքները`25, կահույքի արտադրությունը`41 տոկոսով: Այսինքն, այն արտադրությունները, որոնք առաջին տարին սկսել են աշխատել, այս խելագար արդյունքներն են ապահովել»,- ասաց տիկին Վալովայան:
Ի դեպ, 2015-ի ԵԱՏՄ անդամ երկրներում տնտեսական անկում է գրանցվել, բացի Հայաստանից: Հայաստանում երեք տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Տիկին Վալովայան դա պայմանավորում է հենց Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. «Կարող է լինել քննադատություն, որը բացարձակ արդար է, բայց ակնհայտ է, որ տնտեսական էֆեկտ կա եւ դա վիճակագրությունն է փաստում: Ինտեգրացիան պետք է զարգացնել, հակառակ պարագայում նախնական էֆեկտները չեն ավելանա: Պետք է դեղագործության, էլեկտրաէներգետիկայի, նավթամթերքների ընդհանուր շուկաները զարգացնենք»:
2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր առեւտրաշրջանառության անկումը 16 տոկոս է կազմել. Բելառուսինը`10, Ղազախստանինը`20, Ռուսաստանինը`18 տոկոս, իսկ Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ`անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: 2,4 անգամ`մեկ միլիոն դոլարով, ավելացել է Հայաստանից Բելառուս արտահանումը: Բելառուսը Հայաստանի համար «ոչ ավանդական» շուկա է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ