Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Լիխաչյով. «Նաիրիտի» համար դեռ ծրագիր չկա (Տեսանյութ)

Մայիս 18,2016 07:54

Դեռ 2002 թվականին Հայաստանի ավելի քան 98 միլիոն դոլարի պարտքը Ռուսաստանն առաջարկել էր մարել գույքով: Հայկական կողմի առաջարկած ցուցակից ընտրել էր չորսը՝ Հրազդանի ՋԷԿ-ը եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն՝ «Մարս» գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգերի եւ նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։

ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովն Aravot.am-ի հարցին`հեռանկարում կա՞ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ձեռք բերված ձեռնարկությունների լիակատար վերագործարկման հնարավորություն, ասաց, որ իր կարծիքով՝ հայաստանյան եւ ռուսաստանցի արդյունաբերողներն ու տրանսպորտային ոլորտի մասնագետները բավական արդյունավետ են աշխատում:

Ռուսաստանցի պաշտոնյան խոսեց հայ-ռուսական ձեռնարկություններից ընդհանրապես: «Ակնառու արդյունավետ ծրագրի օրինակ ես, անկասկած, կվկայակոչեմ «ԱրմենԱլ»-ը: Մենք Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ռիսկերը եւ խրախուսենք արտահանումը երրորդ երկրներ: Մեր երկաթուղայիններն են ակտիվ աշխատում: Ես այդպես եմ հասկանում, հայկական երկաթուղիները դարձել են ռուսական երկաթուղիների դուստր-ձեռնարկություն, ակտիվ ներդրումներ են լինում, համագործակցում են տեխնոլոգիաների ոլորտում, սարքավորումների փոխադրման»:

Պարոն Լիխաչյովը դեռ վերջնականապես կորսված չի համարում նաեւ Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկման հեռանկարը, թեեւ ընդգծում է`այդ ճանապարհն ապահովող երկու երկրները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ:

Ռուսաստանցի չինովնիկը դրական է գնահատում նաեւ «Գազպրոմի» «համապատասխան ձեռնարկության» աշխատանքը`անկախ գազի սակագնի շուրջ առկա խնդիրներից: Ասում է`բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են, բայց ինքը «Գազպրոմ Արմենիայի» գործունեությունը գնահատում է նաեւ Հայաստանում լրացուցիչ աշխատատեղերի տեսանկյունից:

Խնդրահարույց գոտուն է վերագրում «Նաիրիտը»: «Հույս ունենք բանակցությունների նոր փուլ կսկսվի: Այդ աշխատանքով կզբաղվեն «Ռուսական տեխնոլոգիաները»: Պատրաստված են բազմաթիվ առաջարկներ այդ ծրագրով, բայց այդ ձեռնարկությունում ներքին բազում խնդիրներ կան`սեփականության ձեւը, պարտքը եւ այլն: Խոսքը 300 միլիոն դոլարի մասին է: Մենք բանկային գործարքների մասով պարտքի մի մասը հանեցինք, բյուջետային, ազգային բանկերի մասով պարտքը «մաքրեցինք»: Բայց պատրաստի, ծանրակշիռ ծրագիր դեռ չկա»:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովի հետ զրույցի այլ մանրամասները`առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031