Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գրադարաններն այս գրքից չունենային, ինչ-որ բան պակաս կլիներ». Սերգո Երիցյան

Մայիս 18,2016 00:12

Նախորդ տարվա վերջին հայ մանուկների գրադարանը համալրվեց «Արևի լեռը» չինական ժողովրդական հեքիաթների ժողովածուով, որտեղ ամփոփված են Չինաստանում սիրված ու տարածված 45 հեքիաթներ:

Առաջին անգամ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկայացվելուց հետո գիրքը մայիսի 17-ին ներկայացվեց նաև Հայաստանի ազգային գրադարանում:

Այսպիսի գիրք ունենալու գաղափարը ծնվել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան էրլունի և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի հանդիպման ընթացքում:

«Դա այն ժամանակ էր, երբ Մետաքսի ճանապարհի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար պիտի մեկնեինք Չինաստան»,- ասաց ժողովածուի կազմող Սերգո Երիցյանը, որի խոսքով՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության կողմից ժողովածուի հրատարակումը նաև արդյունք է այն ջերմ ու բարեկամական հարաբերությունների, որոնք կան Հայաստանի և Չինաստանի միջև:

Դառնալով չինական ժողովրդական հեքիաթներին՝ նա նշեց, որ բովանդակային առումով դրանք, ինչպես և հնագույն մյուս ժողովուրդների հեքիաթները, նման են հայկական ժողովրդական հեքիաթներին. «Դրանք հարստացնում, մի նոր մակարդակի են բարձրացնում ընթերցող երեխաների մտածողությունը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ Ամանորի նախաշեմին, չինական ժողովրդական հեքիաթների նոր ժողովածուն դարձավ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրաշալի նվերը հայ մանուկներին: Գրքի շնորհանդեսի ժամանակ դեսպան Թիան էրլունը հայտարարեց, որ «Արևի լեռը» նվիրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին ու նախադպրոցական հիմնարկներին՝ նպատակ ունենալով հայ երեխաներին ծանոթացնելու չինական հեքիաթներին:

Երիցյանի փոխանցմամբ՝ այսօր մեր բոլոր դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում արդեն կա այդ գիրքը:

«Շնորհանդեսի ժամանակ հարցադրում եղավ՝ իսկ գրադարաննե՞րը»,- հիշեց Երիցյանը՝ նկատելով, որ տեղին էր հարցը, որովհետև, ըստ նրա, եթե գրադարանները չունենային այս գիրքը, ինչ-որ բան պակաս կլիներ:

«Ի պատասխան դեսպանը խոստացավ, որ որոշ ժամանակ անց Հայաստանի բոլոր գրադարանները կունենան այն: Նրա խոստումն արդեն կատարվում է: Դեսպանի լիազորությամբ ես այստեղ եմ, որպեսզի նախատեսված խմբաքանակը հանձնեմ Ազգային գրադարանին: Հայաստանի մյուս գրադարանները ևս առաջիկայում կստանան իրենց օրինակները»,- ասաց Երիցյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031