Լրահոս
Օրվա լրահոսը

4 երեխաների մորն ուզում են Կրասնոդար տեղափոխել, որ գոնե դեղորայքը կարողանան գնել

Մայիս 18,2016 16:00

Բժիշկների մեղքով երեք տարի առաջ անկողին ընկած ու այլեւս ոտքի չկանգնած 31-ամյա Ռայայի վիճակը շատ ծանր է: Ծնողները աղջկա առողջական վիճակը փոքր-ինչ կայունացնելու ելքեր են փնտրում, սակայն հայաստանյան պայմաններում ոչ միայն ապրուստի՝ վարձով բնակարանի եւ մնացած կենցաղային հոգսերը չեն կարողանում հոգալ, այլեւ Ռայայի դեղորայքը չեն հասցնում: Ինչպես մայրը՝ տիկին Վիոլետան է ասում՝ «ամեն շաբաթ մի աշխարհ դեղ ենք առնում, որ անգամ յոգուրտին գումար չի մնում, էլ չեմ խոսում տակդիրի մասին»:

Ռայայի ծնողները որոշել են նրան Կրասնոդար տեղափոխել, որտեղ մինչ դստեր հիվանդանալը բնակվելիս են եղել: Երբ լսել են, որ Ռայան ծննդաբերելուց հետո ընկել է կոմայի մեջ, վերադարձել են Հայաստան, որպեսզի նրան խնամեն:

Երեք տարի բժիշկների դռներն ընկնելուց հետո, երբ հասկացել են, որ աղջկա առողջությունը հետ բերելը գրեթե անհնար է, Ռայայի ծնողներն այլեւս չեն կարողանում հայրենիքում դստեր խնամքի համար անհրաժեշտ ծախսերը հոգալ, որոշել են հետ դառնալ Ռուսաստան, քանի որ, ինչպես նրանք են ասում, այնտեղ գոնե աշխատանք կգտնեն ու կրկին կպայքարեն 4 երեխատեր երիտասարդ կնոջ կյանքը փրկելու համար:
«Առավոտ» օրաթերթը 01.04.2016 թ.-ի «4 երեխաներն առանց մայր են մնացել, մինչդեռ որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել» հրապարակմամբ արդեն անդրադարձել է, թե ինչու եւ ինչպես է պատահել, որ 4 երեխաներն այսօր մեծանում են առանց մայրական խնամքի:

Երեք տարի առաջ փոքրիկ Մերուժի ծնվելուց հետո Ռայան ուժգին ցնցումներ է տարել, ապա ընկել է կոմայի մեջ եւ այլեւս դուրս չի եկել անկողնուց: Ռայայի աչքերը բաց են, բայց նա ոչ տեսնում է, ոչ լսում, ոչ էլ արձագանքում է երեխայի լացին ու հարազատների կանչին:
Այդ վիճակում է արդեն երեք տարի՝ 2013 թվականի օգոստոսի 10-ից: Այդ օրվանից ի վեր Ռայայի 4 երեխաների ճակատագիրն այլ ընթացք է ստացել: Նորածին Մերուժիկը տատի, պապի ու հոր գրկում է մեծանում, մյուս երեխաներն էլ, որոնք ստիպված այցելում են գիշերօթիկ դպրոց, մորից կարոտն առնում են այն ժամանակ, երբ շաբաթ-կիրակի օրերին նրանց տանում են մորը տեսության: Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կիսարյան հատումով է եղել:

Երեկ մեզ հետ զրույցում տիկին Վիոլետան ասաց, որ դստերը տեղափոխման համար անհրաժեշտ միջոցներ չունեն, բայց չտեղափոխել էլ չեն կարող. բացի այն, որ այնտեղ գոնե Ռայայի խնամքը կարող են կազմակերպել, հնարավոր է՝ երիտասարդ մայրիկի վիճակը բարելավվի եւ տեր կանգնի իր փոքրիկներին:

«Վիճակն օր օրի ծանրանում է, բժիշկներն այստեղ ոչինչ չեն կարողանում անել, որեւէ մեկը չի օգնում, այստեղ շատ դժվար է՝ ո՛չ կարողանում ենք վարձ տալ, ո՛չ նորմալ խնամել, դիմել ենք մարդկանց օգնությանը, ոչ ոք չի օգնել»,- ասաց Ռայայի մայրը:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031