Արթուր Սարգսյանը, որը հայտնի է «Ֆառ» մականունով, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2004թ. դատավճռով հրաժարվել էր ցուցմունք տալ, հայտնելով, որ կազմակերպել է միայն Արկադի Գեւորգյանի սպանությունը եւ այն հանձնարարել է կատարել «Կայծ» մականունով Կամսար Հակոբյանին, այն էլ՝ առանց վարձատրության։ Նա նաեւ ասել էր, թե բացի Արկադի Գեւորգյանից, այլ անձանց սպանելու հանձնարարություն Կամսար Հակոբյանին չի տվել։ Իսկ հանցագործությունը կատարելու համար Կ. Հակոբյանին էր տրամադրել բջջային հեռախոս, «Իզի» քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի ավտոմեքենա, երկու տարբեր բնակարաններ Երեւանի Տիգրան Մեծի եւ Բաղրամյան պողոտաներում՝ ժամանակավոր բնակվելու եւ հանցագործության կատարմանը նախապատրաստվելու համար։ «Ֆառի» խոսքերով, նա տեղյակ չի եղել, թե Կամսար Հակոբյանն ում հետ, ինչպես, ինչ զենքերով է հանցագործությունը կատարել եւ Կամսար Հակոբյանի հետ ունեցել է միայն Արկադի Գեւորգյանին սպանելու պայմանավորվածություն։ Սպանություններից հետո է իմացել, որ այլ անձինք են սպանվել ու վիրավորվել է Արկադի Գեւորգյանի եղբայրը՝ Արտյոմ Գեւորգյանը։
Այն հարցին էլ, թե ճանաչե՞լ էր սպանվածներին՝ Արտյոմ եւ Արկադի Գեւորգյան եղբայրներին, հայտնել էր, որ 5 տարի ճանաչել է նրանց, իր ընկերոջ` Էդիկ Մանուկյանի որդուց` Գեւորգ Մանուկյանից տեղեկացել է, որ Գեւորգյան եղբայրները Դավիթաշեն թաղամասի բնակիչներ են եւ նախկին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդիներն են։
Ըստ Ա. Սարգսյանի, Գեւորգ Մանուկյանը սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Գ. Մանուկյանը վիճաբանել է Գեւորգյան եղբայրների հետ։ Ինքն այդ մասին իմանալով՝ ծանոթացել է Արկադի եւ Արտյոմ Գեւորգյանների հետ եւ երկու կողմերին հաշտեցրել է։
«Երբ 2002թ. նոյեմբերի 27-ին Արկադի եւ Արտյոմ Գեւորգյանների` Դավիթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 առանձնատան մոտ հրազենային կրակոցներից սպանվել է վերջիններիս ընկեր Հարություն Տերտերյանը եւ մարմնական վնասվածք է ստացել Համլետ Մկրտչյանը, ինքը տեղեկացել է, որ նշված դեպքի կապակցությամբ հետախուզվում է Գեւորգ Մանուկյանը ու նրա հորեղբայրը` «Բորդո Գագո» մականունով Գրիգոր Մանուկյանը։ Ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել։ Իմացել է նաեւ, որ Գեւորգյան եղբայրները թշնամաբար են տրամադրվել Գեւորգ Մանուկյանի ու նրա մերձավորների նկատմամբ։ Երբ վերադարձել է Երեւան, փորձել է զբաղվել հաշտեցման գործընթացով, որն ապարդյուն է անցել, քանի որ Գեւորգյան եղբայրները չեն ցանկացել լսել հաշտեցման մասին։ Իմանալով, որ գործով տուժող Համլետ Մկրտչյանը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի բնակիչ, իր ընկերոջ՝ Գագիկ Հակոբյանի բարեկամն է, որոշել է վերջինիս միջոցով ծանոթանալ Համլետ Մկրտչյանի հետ եւ հաշտեցման փորձեր կատարել նրա միջոցով։ Այդ նպատակով էլ ծանոթացել է Համլետ Մկրտչյանի հետ ու սկսել է հաշտեցման գործընթացը։
Կարդացեք նաև
Այնուհետեւ, տեղեկացել է, որ Արկադի Գեւորգյանն իրեն հետեւում է եւ ցանկանում է սպանել ու վրեժխնդիր լինել Գեւորգ Մանուկյանից»,- ասել էր Ա. Սարգսյանը:
Ի դեպ, «Ֆառը» Կամսար Հակոբյանին ճանաչել է շուրջ 7 տարի` որպես Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակչի։ Կամսար Հակոբյանին ճանաչել է որպես համարձակ ու գաղտնապահ անձնավորության եւ որոշել է Արկադի Գեւորգյանի սպանությունը հանձնարարել նրան։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռով 15-ական տարվա ազատազրկման էին դատապարտվել Անդրանիկ Երեմյանն ու Կամսար Հակոբյանը:
Դատավճիռն այս օրերին բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Մանուշակ Պետրոսյան, Սեւակ Համբարձումյան եւ Արշակ Խաչատրյան կազմով ընթացող նիստում: Բողոքաբեր կողմը պահանջում է բեկանել եւ փոփոխել 15 տարի ժամկետով ազատազրկման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի այս տարվա հունվարի 19-ի դատավճիռը պատժի մասով եւ ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանի եւ Կամսար Հակոբյանի նկատմամբ նշանակել ցմահ ազատազրկում պատժատեսակը:
Կամսար Հակոբյանը, ըստ առաջին ատյանում հետազոտված ապացույցների, տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի եւ Արտյոմ Գեւորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա. Երեմյանի եւ Ա. Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերին, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը: Մեղադրանքը պաշտպանող կողմի համաձայն. «Տեղեկանալով, որ Արտյոմ եւ Արկադի Գեւորգյանները 2003թ. հունիսի 25-ին առավոտյան Գ. Հարությունյանի եւ Ս. Հակոբյանի հետ, վերջինիս վարած եւ նրան պատկանող «ԳԱԶ 31029» մակնիշի 65 ԼՕ 285 համարանիշի սեւ գույնի տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, որից հետո Կ. Հակոբյանը Ա. Երեմյանի եւ Ա. Սարգսյանի հետ, Արթուր Սարգսյանի տրամադրած «Մերսեդես 124» ավտոմեքենայի վրա ամրացրել են Ռ. Աբաջյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վրայից նախաքննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում 2003թ. ապրիլի 25-ին հափշտակված 62 ԼՍ 603 հաշվառման համարանիշները, զինվել են Ա. Սարգսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց տրամադրված հրազեն հանդիսացող ԱԿՄԱ տեսակի 1625 համարի, ԱԿՄԱ տեսակի առանց համարի, ԱԿԱ-74ՈՒ տեսակի 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով»:
Նրանք դարանակալել էին Նուբարաշենի խճուղում եւ «ԳԱԶ»-ի տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին շահադիտական դրդումներով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Վարորդը՝ Սաշիկ Հակոբյանը, ուղեւորները՝ Գ. Հարությունյանը եւ Ա.Գեւորգյանը, ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են: 4-րդ տուժողի՝ ուղեւոր Ա. Գեւորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Տուժողի իրավահաջորդ` Ալբերտ Հակոբյանի ցուցմունքի համաձայն, 2003թ. ապրիլին եղբայրը՝ Սաշիկ Հակոբյանը, գնել է «ԳԱԶ-31029» մակնիշի սեւ գույնի ավտոմեքենա եւ աշխատում էր «Էլբա» տաքսի ծառայությունում` որպես տաքսու վարորդ։ Դեպքի օրն իր ծանոթներից լսել է, որ Նուբարաշենի խճուղու վրա կրակոցներ են տեղի ունեցել եւ կրակոցները ուղղված են եղել իր եղբոր` Սաշիկ Հակոբյանի ավտոմեքենայի վրա։ Գնալով ոստիկանության Էրեբունու բաժին, տեղեկացել է, որ կրակոցների հետեւանքով իր եղբայրը եւ եւս երկու հոգի մահացել են։
Երեւան-Նուբարաշեն երթուղու ավտոբուսի վարորդ Աշոտ Հովակիմյանը դեպքի օրը, աղբանոցի շրջադարձի մոտ տեսել է Երեւանի ուղղությամբ կանգնած մուգ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, եւ քանի որ մոտակայքում ոչ ոք չի եղել, այդ ավտոմեքենան գրավել է իր ուշադրությունը։ Այդ ավտոմեքենան նույն տեղում եւ նույն դիրքով վարորդը տեսել էր նաեւ մոտ 50 րոպե անց, երբ Երեւանից վերադարձել է Նուբարաշեն։ Վկան, երբ հասել է Նուբարաշենի գերեզմանատան առաջին դարպասների մոտ, լսել է հրազենային կրակոցներ։ Կրակոցները լսվել են այն տեղից, որտեղ որ կանգնած է եղել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Նա տեսել էր. «երեք անձինք, ճամփեզրի բլրից վազքով իջել են դեպի ճանապարհը, որից հետո կորել են իր տեսադաշտից։ Ընդամենը մի քանի վայրկյան հետո, ավտոմեքենայի հայելու միջից տեսել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան շատ մեծ արագությամբ ընթանում է Երեւանի ուղղությամբ եւ իր ավտոմեքենային վազանց կատարելու ժամանակ` ընկել է ճանապարհի վրա առկա փոսը, ինչի հետեւանքով ավտոմեքենան տակի մասով բախվել է ասֆալտին։ Ավտոմեքենայի մեջ եղել են 3 անձինք»։
«Նինվե» տաքսի ծառայության վարորդ Կարեն Մակարյանի ցուցմունքով՝ նա գտնվել է տաքսի ծառայության գրասենյակում, երբ լսել է, որ ազատ տաքսի են հարցնում։ Դիսպետչերի առաջարկով դուրս է եկել գրասենյակից եւ տեսել է իրեն անծանոթ երկու երիտասարդների, որոնք նստել են իր տաքսին եւ առաջարկել են գնալ 3-րդ մաս. «Ավտոմեքենայի հետեւի նստատեղին նստած անձը ճանապարհին անընդհատ հոգոցներ է հանել, իսկ առջեւի նստարանին նստած անձը հարցրել է. «էլի՞ գլուխդ ցավում է շոգից», որից հետո իրենից ծխախոտ է խնդրել եւ այն վառելուց հետո` փոխանցել է հետեւի նստարանին նստած ընկերոջը։ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, առջեւի նստարանին նստած անձն առաջարկել է մտնել տուն եւ փոխել շորերը` պատճառաբանելով, թե իբրեւ լվացվելու ժամանակ անդրավարտիքը թրջվել է, որից հետո նոր շարունակել ճանապարհը։ Հասնելով ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտակա տարածք` նրանք անսպասելիորեն առաջարկել են կանգնեցնել ավտոմեքենան եւ վճարելով 1.000 դրամ` իջել են ավտոմեքենայից ու գնացել»։
Վկա Սարգիս Սարգսյանի ցուցմունքով՝ այն մասին, որ 2003 թվականի մայիս ամսվա վերջերին Գերմանիայում բնակվող իր եղբայր Առաքել Սարգսյանն իրենց համար շատ անսպասելի վերադարձել է գյուղ եւ հայտնել է, որ եկել է ընդամենը 1 օրով։ Երեկոյան իր ավտոմեքենայով եղբորը տարել է «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհելու։ Սակայն հաջորդ օրը, իրեն համար շատ զարմանալի, եղբայրը զանգահարել է իրեն եւ կանչել է «Զվարթնոց» հանգստյան համալիր։ Գնալով եղբոր նշած վայրը, տեսել է, որ եղբայրը ճաշում է երեք տղաների հետ։ Վերջինս իրեն ասել է, որ իբրեւ մեկնելը չի ստացվել, դրա համար էլ մնացել է Հայաստանում, որից հետո իրեն տվել է 100 ԱՄՆ դոլար եւ այդ օրվանից հետո եղբորից տեղեկություններ չունի եւ չգիտի, թե նա որտեղ է գտնվում։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, գործով իրեղեն ապացույց ճանաչված` հրազենները եւ ռազմամթերքը, հեռախոսն «Իզի» քարտով, ավտոմեքենայի 3 զույգ պետհամարանիշները, Ս.Հակոբյանի հագուստը, հեռադիտակը, մեքենայի սրահի գորգը, 3 ռետինե ձեռնոցները, ռետինե ձեռնոցի կտրած մասերը, մառլյայի խծուծները, ապակու կտորները, 3 դիմակները, 4 բաճկոնները, 2 գլխարկները, վերնաշապիկը, գործած ձեռնոցը եւ 1 ծրարը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո թողնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում` թիվ 12216603 քրեական գործին կից` քննություն կատարելու համար, իսկ քրեական գործին կցված եւ ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող` Երեւան քաղաքի դատախազի օգնական Վ. Մուրադյանի կողմից 18.12.2003թ. կայացված որոշման մեջ թվարկված բոլոր փաստաթղթերը թողնվել է քրեական գործում։
«Առավոտ» օրաթերթ
17.05.2016