Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի պետական կամերային երգչախումբն առաջին անգամ հոբելյան նշեց

Մայիս 18,2016 15:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում մայիսի 16-ին կայացավ երեկո՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երեւանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 20-ամյակին: Հանրապետությունում այս կոլեկտիվը միակն է, որ ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հովանու ներքո՝ կոմիտասյան մեզ հասած ժառանգությունը տարածելու առաքելությամբ: Երեկոյի ընթացքում այս երգչախմբին հատուկ բարձրարվեստ կատարումներով հնչեցին Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները: Աննկարագրելի շուք հաղորդեց ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությունը հոբելյանական երեկոյին: Նրա մշակմամբ մատուցվեցին 11-12դդ. Շնորհալու «Նոր ծաղիկը», դարերի խորհրդանիշ կապ հանդիսացող «Քրիստոս պատարագյալը»: Վերջին ստեղծագործությունը մատուցվեց հետեւյալ կառուցվածքով՝ սկզբում հնչեց մեծանուն Արմենակ Շահմուրադյանի ձայնը, հետո նոր սահուն հաջորդեց հիշյալ երկին՝ երգչախմբի կատարումը: Երեկոյին իրենց շնորհավորանքն էին բերել Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը, Քրիստինե Սահակյանը, Պերճ Քարազյանը եւ երիտասարդ մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը: Յուրաքանչյուր կատարումից հետո բրավոների այնպիսի տարափ էր, որ թվում էր՝ հանդիսատեսը պատրաստ է հաջորդ օրը արեւածագը դիմավորել երգչախմբի հետ:

«Առավոտի» հետ զրույցում երգչախմբի նորանշանակ ղեկավար (տնօրեն) Լաուրա Բասենցյանը (լուսանկարում) հիշեցրեց, որ 20-ամյա կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը խմբավարի երկար ճանապարհ է անցել: Այս մասին երեկոյի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, ինչը մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ անակնկալ էր մաեստրոյին:

Moscow-Easter-Festval

Երեւանի պետական 20-ամյա երգչախումբը:

«Ուզում եմ առանձնացնել 1979-84թթ., երբ պարոն Թոփիկյանը հանդիսացել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության «Հայ երգի կամերային երգչախմբի» հիմնադիր դիրիժոր, ապա մինչեւ 1990-ականների սկիզբը ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը ժամանակին ԽՍՀՄ տարիներին երգչախմբային արվեստի հիանալի տրադիցիաներ ունեցող Մերձբալթյան երկրներից Լիտվայում 19 համալսարանական երգչախմբերի մրցույթում գրավել է 1-ին տեղը: Մեր մաեստրոն ժամանակին Էստոնիայում ղեկավարել է աշխարհի միացյալ երգչախումբը: Կարծում եմ՝ հոբելյանի առիթով անհրաժեշտ է նշել պարոն Թոփիկյանի՝ արտերկրում գործունեության գոնե մեկ փաստ. խմբավարը 1990-ականների սկզբներին Բեյրութում վերակազմել է Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը: Մեր կոլեկտիվի հիմնադրման օրվանից էլ կատարվել եւ ձայնագրվել են շուրջ 150 խմբերգեր, ի վերջո՝ մասնակցություն արտերկրյա մի շարք հեղինակավոր փառատոների»,- հայտնեց անսամբլի ղեկավարը: Հավելեց նաեւ, որ 2015-ին Հայոց մեծ եղեռնի տարելիցի առիթով ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ երգչախումբը ողջ տարվա ընթացքում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդես է եկել 100 համերգով, ապա՝ Թբիլիսիում ու Արցախում: Իսկ Թուրքիայում Տիգրան Համասյանի հետ մասնակցել է Պոլսի ջազ փառատոնին:
Հարություն Թոփիկյանը «Առավոտի» հետ մի զրույցում ասել էր, որ ջազ դաշնակահարի հետ իրենց համագործակցությունն առաջին փորձն է՝ հայ հոգեւոր երաժշտությունը այս ձեւով մատուցելու, հետո էլ հայտնել, թե հոգեւոր երաժշտությունը՝ 5-րդ դարից սկսած մինչեւ Կոմիտաս, մեզ փոխանցվելով չպետք է քարացած մնա, քանի որ յուրաքանչյուր սերունդ իր սերն ու վերաբերմունքն է արտահայտում որպես այդ մշակույթի կրող, իսկ Տիգրան Համասյանը հոգեւոր երաժշտության արժեքավոր համակարգի տաղանդավոր կրողն է:

Topikyan_Hamasyan

Հարություն Թոփիկյանը՝ Տիգրան Համասյանի հետ:

Դիտարկմանը, թե 20-ամյա երգչախումբը երբեւէ չի նշել իր որեւէ տարեդարձը, Լաուրա Բասենցյանը համակարծիք լինելով եւ առանց ավելորդ համեստության ասաց. «Հոբելյանների նշումը ընդունված կարգ է աշխարհում եւ ես այդ առիթով դիմեցի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանին ու որոշեցինք գոնե առաջին անգամ նշել մեծ շուքով»:

Երգչախմբի ղեկավարը հայտնեց, որ կան բազում հրավերներ, նոր ծրագրեր, բայց դրանք դեռեւս հստակ չեն, բանակցային փուլում են, դրա համար չի կարող խոսել այդ մասին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031