Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր Զարեհ. «Սրով եկել են մեր դեմ եւ սրից պետք է ընկնեն»

Մայիս 18,2016 13:30

«Քրիստոնեությունը բացառիկ կրոն էր
եւ հայերի ապրելակերպին համընկնող, ընդունեցինք այն
եւ մինչեւ հիմա պահպանվեցինք մինչեւ վերջ»

«Կյանքը հավիտենական ընթացք է եւ Աստված այս մի փոքր մասը, որ տվել է մեզ, պետք է արժեւորենք մեր ապրելակերպով, մեր նվիրվածությամբ, լինի այն թե՛ հայրենիքին, թե՛ ընտանիքին, թե՛ եկեղեցուն»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես ասաց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Նա, խոսելով օրերս Վայոց ձորի հայ-ադրբեջանական սահմանին թշնամու դիպուկահարից զոհված Արամ Օհանյանի մասին, ասաց, որ Արամը իր կյանքը արժեւորեց իր արյամբ, մենք պետք է գնահատենք այդ եւ առավել եւս, եթե ուզում ենք, որ նա կենդանի լինի մեր մեջ, ապա պետք է ընդունենք արյամբ սրբագործված մեր հողը, որ հազարավոր տարիներ ի վեր եկել է: «Հայրենիք, ազգ, հող, ոչ թե կառավարություն եւ այլն, պետք է չշփոթել՝ դրանք լրիվ տարբեր բաներ են: Կարեւոր բանն այն է, որ այսօր մենք առավել միասնական ենք դառնում»,- նշեց տեր Զարեհը:

8-1

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս պետք է զինվորը իրեն պահի առաջնագծում, ի՞նչն է կարեւոր, տեր Զարեհը պատասխանեց, որ զինվորներն այսօր տարբեր տեսակի պրովոկացիայի չպետք է ենթարկվեն, ոնց որ արվում է երբեմն. «Բացթողումներ կան, բայց դա ամեն տեղ է, դա չէ խնդիրը: Նրանք պետք է հանգիստ լինեն հոգեպես եւ ուժեղ, որպեսզի չընկրկեն: Մեր ժողովուրդը փառապանծ ժողովուրդ է եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ մեր հայի ոգին հավասար է 10 միլիոն ատոմային ռումբի: Բնական է, մեզ համար դժվար է, մաքառման ճանապարհ է, տառապում ենք, տանջվում, բայց մնում ենք: Թատերաբեմից ի՞նչ կայսրություններ են անհետացել, վերջինը Սովետմիությունը սատակվեց, բայց մենք մնացինք: Ինչեր են արել մեր գլխին, բայց մեզ՝ մեր կամքը, մեր ոգին է պահել:

Իրական ոգին, որը այսօր, փառք Աստծո, հրամանատարությունն էլ, զինվորներն էլ ունեն, ողղակի այս պահին պետք է ուժեղ լինեն, զորավոր լինեն, մենք նրանց թիկունքը պետք է պահենք՝ միեւնույն ժամանակ առաջ շարժվելով եւ պետք է ճակատ գնանք եւ թիկունք պահենք»:

8-3
Մեր այն հարցին էլ, որ այս օրերին մոլորությունը շատ է, եւ մարդիկ կան, որ ասում են՝ ինչպե՞ս են հոգեւորականները զենք վերցնում, խրախուսում մարդ սպանելը՝ ասելով, որ սպանությունը մեղք է, տեր Զարեհը պատասխանեց. «Բա էս տղայի պատիվը ո՞վ պիտի պաշտպանի՝ «Եհովայի վկանե՞րը»: Աղանդավորներն են այդպես մտածում եւ եթե նրանցից յուրաքանչյուրին հարցնես՝ որ թուրքը մտնի հորդ ու մորդ սպանի, ի՞նչ կանես, ասում են՝ Աստծո կամքն է: Ճի՞շտ է, իհարկե՝ ոչ: Աստվածաշնչում էլ նշվում է՝ օրհնյալ է իմ Տեր Աստվածը, որ ձեռքերես վարժեցրեց պատերազմին, Դավիթ մարգարեն է ասել իր սաղմոսներից մեկում: Քրիստոս ասել է՝ եթե սրի կարիք եք զգում, վաճառիր քո շապիկը, սրով եկողը սրով պետք է ընկնի: Մենք մեզ համար հանգիստ ապրում ենք, թշնամին գալիս է, կանգնենք գան մեզ մորթե՞ն, իհարկե՝ ոչ, սրով եկել են մեր դեմ եւ սրից պետք է ընկնեն»:
Նա նաեւ ավելացրեց, որ հոգեւորականները միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել պատերազմական իրավիճակներում, ազատագրական շարժումներ են կազմակերպել. Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, մահապարտների գունդ են կազմել հոգեւորականներից բաղկացած՝ Աղթամարի միաբանությունից, Մայր Աթոռից եկած եւ Արցախում էլ. «Նույնը հիմա է կատարվում ե՛ւ կռվելով, ե՛ւ միջազգային ատյաններում այդ հարցը բարձրաձայնելով»:

Տեր Զարեհը համեմատական անցկացնելով Հիսուս Քրիստոսի կյանքը հայերի կյանքի հետ՝ նշեց, որ շատերը Քրիստոսին պատկերացնում են նվազ, վախկոտ մեկը. «Նա հզոր գաղափարական հերոս էր, պատկերացրեք՝ Իր խաչի ճանապարհից վախենար եւ հետ դառնար: Նա մինչեւ վերջ գնաց, որովհետեւ այդ խաչի ճանապարհից հետո լույս եղավ՝ հարությունը, հաղթանակ: Մենք՝ հայերս, Քրիստոսին նման ենք: Այն ժամանակ քաղաքական խնդիր ունեինք՝ ձուլվում էինք մյուս ազգերին, իսկ քրիստոնեությունը բացառիկ կրոն էր եւ հայերի ապրելակերպին համընկնող, ընդունեցինք այն եւ մինչեւ հիմա պահպանվեցինք մինչեւ վերջ»:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031