«Սկզբում Սերժ Սարգսյանը նշում էր մի քանի հարյուր մետր կորստի մասին, հիմա արդեն մի քանի հարյուր հեկտարի մասին է խոսքը: Այսինքն, արդյոք իշխանություններն ուզում էին մոլորեցնել հասարակությանը, թե ոչ, սա է խնդիրը»,- Aravot.am-ին ասաց Արա Պապյանը՝ անդրադառնալով տարածքային կորուստների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ նշելով, որ ունենք 800 հեկտար տարածքային կորուստ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:
Ինչ վերաբերում է նախագահի պնդմանը, թե 800 հեկտար կորցրած տարածքները չունեն մարտավարական ու ռազմավարական նշանակություն, պարոն Պապյանն ասաց. «Եթե ռազմավարություն ասելով հասկանում ենք ստրատեգիա, այո՛, ստրատեգիական կորուստ չէ, դրա պատճառով Ղարաբաղը չենք կորցնում, բայց հարվածի տակ են մի քանի գյուղեր, որտեղ ապրելը կամ անհնար կամ վտանգավոր է դառնում:
Կարդացեք նաև
Հետո հոգեբանական պահն է կարեւոր, ով ասաց, որ դա պակաս գործոն է: Ես հետեւում եմ քննարկումներին ադրբեջանական տարբեր ֆորումներում, նրանք շատ ոգեւորված են, ասում են՝ մենք կոտրեցինք հայկական բանակի անպարտելիության միֆը, պարտության մատնեցինք հայկական բանակին: Հիմա թե դա իրական է, թե սուտ, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ հոգեբանական վերելքի մեջ են»:
Արա Պապյանը մեկնաբանեց նաեւ Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն, թե «ժողովրդահաճո հայտարարություններ են անում այն մարդիկ, որոնք ռազմական գործից հեռու են։ Միշտ էլ կարելի է ժողովրդահաճո կամ այս պարագայում ամբոխահաճո հայտարարություններ անել, թե այ, եթե ինձ թողնեին, ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք կանեինք սա։ Դա ասում են մարդիկ, որոնք կյանքում վառոդի հոտ չեն զգացել»:
«Ով ասաց, որ քաղաքացին անպայման վառոդի հոտ պետք է քաշած լինի, որ կարողանա խաղաղության եւ պատերազմի մասին դատողություններ անել: Քաղաքացին արդեն մասնակցում է երկրի պաշտպանությանը՝ իր վճարած հարկերով, բանակ ուղարկած զավակներով: Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը եւ նաեւ թշնամուն պարտության մատնել, բնական է, որ հասարակության մեջ պետք է քննարկումներ լինեն, եւ դա հասարակության իրավունքն է, այնպես որ նման ձեւակերպումներն անընդունելի են: Մյուս կողմից պետք է հիշենք, որ նման կարծիքներ են հայտնել ոչ միայն սրճարանում նստած մարդիկ, այլեւ առաջին գծում գտնվող մարդիկ՝ ներկա ու նախկին զինվորականներ, որոնք գտնում էին, որ մենք պետք է առաջ գնանք: Այնպես որ, ոչ բոլորն են վառոդի հոտ չքաշածներ»:
Պարոն Պապյանը նաեւ հավելեց, որ իր համար զարմանալի է, թե Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումից ինչն է գոհացրել Սերժ Սարգսյանին. «Չգիտեմ՝ ինչից է գոհ: Այդ հանդիպումն ամրագրեց Ադրբեջանի կողմից ՀՀ կամ ԼՂ տարածքների գրավումը, դա ամրագրվեց ու այդ հարցը Վիեննայում չբարձրացվեց: Որեւէ մեկը չդատապարտեց Ադրբեջանին նախահարձակ լինելու, հումանիտար իրավունքի խախտման համար: Այսինքն, ինչից է գոհ, որ հարյուր հոգի են սպանել եւ ոչ թե երկու հարյուր հոգի՞: Գոհ լինելու մի բան է եղել՝ խոստում՝ հետաքննական մեխանիզմների հաստատման մասին, տեսնենք՝ ինչ կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ