Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրեց սուտ խոսելու մեջ՝ մեկնաբանելով 800 հեկտար տարածք կորցնելու մասին նրա հայտարարությունը:
Հիշեցնենք, որ նախագահը Ալիեւի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից վերադառնալիս տարածքային կորուստների մասին ասել էր. «Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում»:
Հիշեցնենք նաեւ, որ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» (որի կազմում Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներն են նաեւ) հասարակական կազմակերպության հաղորդագրությամբ օրեր առաջ տարածքային այս ծավալի կորուստների մասին էր բացահայտել, ինչը ՊՆ-ից հերքեցին:
Կարդացեք նաև
«Իրականում ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ եւ 800 հեկտարը պակաս թիվ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն արդեն հարավն էլ նկատի ուներ, մոտավոր հաշվարկներով կորցրած տարածքների ծավալը պետք է որ հասնի 900 հեկտարի»,- ճշգրտեց Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:
Մեր հարցին, թե ինչը ստիպեց Սերժ Սարգսյանին շաբաթների տարբերությամբ նման հակասական թվեր ներկայացնել կորցրած տարածքների վերաբերյալ, պարոն Ավետիսյանը շարունակեց. «Որովհետեւ սկզբնական շրջանում չէր կարող ասել ճշմարտությունը: Սերժ Սարգսյանը առեւտրականի հոգեբանություն ունի եւ նրա համար ամեն ինչ նյութական չափումներով է: Քանի որ նա տեսակով հանձնվող է, այդ պատճառով իր համար նորմալ է, մինչ օրս Հայաստանը այս տրամաբանությամբ են կառավարել՝ մաս-մաս տանք Հայաստանը՝ թե իր ներուժային, թե տարածքային իմաստով, միայն թե մնանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ