Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված (մայիսի 12-15-ը) Քունկ ֆուի Եվրոպայի առաջնության արցախցի մասնակիցների դիմավորման արարողությունը:
Նրանց դրոշներով ու պաստառներով դիմավորելու էին եկել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, մարզիկների ընկերներն ու երկրպագուները, ովքեր չեմպիոններին դիմավորել են դափնեպսակներով ու ծափողջյուններով։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը ողջ հայության անունից շնորհավորել է չեմպիոններին` ասելով. «Դուք դժվարին պայքարում կարողացել եք արժանանալ մեդալների: Դուք այնտեղ հավասար պայմաններում չեք մրցակցել: Մեր հարևան պետության ներկայացուցիչների համար դուք ոչ թե մրցակից եք եղել, այլ թշնամի: Դա շատ ցավալի փաստ է, որովհետև սպորտի բնագավառում պետք է ազնիվ մրցակցություն լինի: Այդ մրցապայքարում ձեր ձեռք բերածը շատ ավելին է, քան զուտ սպորտային հաղթանակը. դուք բարձր պահեցիք արցախցու պատիվը` այնտեղ ծածանելով մեր եռագույնը: Դուք ձեր հաղթանակով այնքան նման էիք մեր հայրենիքի սահմանը պատվով պաշտպանող զինվորներին»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Արցախպրես»-ի կայքում