Այսօր Երեւան-Բաքու հեռուստակամրջի ժամանակ Ադրբեջանի կողմից բանախոս Նիջադ Մելիքովը բանավեճի մասնակիցներին տեղեկացրեց, որ ինքը «Զերկալո» թերթի նախկին քաղաքական մեկնաբանն է, քանի որ «Զերկալոն» արդեն երեք տարի չկա եւ հիմա հանդիսանում է Հելսինկյան կոմիտեի Բաքվի կազմակերպության մամուլի քարտուղարը:
Անդրադառնալով հատկապես ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման եւ Ադրբեջանի քաղաքացիների, սոցիումի, քաղաքական գործիչների, ժողովրդի, լրագրողների շրջանում տիրող տրամադրություններին, որոնց հետ ինքը շփվում է, բանախոսը նկատեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո նրանց մեջ եւ շփոթմունք եւ էյֆորիա եւ հայրենասիրական մեծ ոգի կա: Բոլորն էլ մտածում են, թե ինչու եւ ինչպես այս ամենը եղավ: Տրամադրությունները մերթ հանդարտվում են, մերթ բորբոքվում:
Ն. Մելիքովի խոսքերով՝ նկատելի է, որ իշխանությունների եւ ընդդիմության միասնականություն կա, թե Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաեւ ռազմական մեթոդներով, վերականգնելու լիակատար իրավունք ունի: Քաղաքական կառույցներում, ըստ նրա՝ միանշանակ համոզմունք կա, որ Ադրբեջանի տարածքը օկուպացվել է եւ օկուպանտը Հայաստանն է՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որ այս հարցի շուրջ, կարելի է ասել, բացարձակ միասնականություն է:
Բանախոսի փոխանցմամբ, մի մասը կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց մեծամասնությունը ռազմատենչ է տրամադրված: Պարոն Ն. Մելիքովը եղել է թե Բաքվում, թե շրջաններում եւ եկել համոզման, որ ժողովուրդն ուզում է գնալ մինչեւ վերջ, որ շատերը տարակուսանքի մեջ են, թե ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները, Ադրբեջանի բանակը մինչեւ վերջ չգնաց եւ ինչո՞ւ մինչեւ հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ