Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
Տարածված հայտարարության մեջ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարն իր անհանգստությունն է հայտնում հակամարտ ուժերի շփման գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ ներկայումս դրությունը շարունակում է լարված մնալ։ Նախարարի հայտարարության մեջ ասվում է. «Ես խորապես ցավում եմ մարդկային վերջին կորուստների համար և կողմերին կոչ եմ անում ամբողջովին պահպանել հրադադարի ռեժիմը»։
Շտայնմայերը ողջունել է նաև 2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է համանախագահող երկրների աշխատանքներին։
Նախարարի խոսքերով՝ ապրիլյան դեպքերը ցույց են տալիս, որ պետք է կրկնապատկել ջանքերը և հաղթահարել փակուղային իրավիճակը, պահպանել հրադադարի ռեժիմը և հակամարտության համապարփակ կարգավորման համար ստեղծել բարենպաստ պայմաններ։
Կարդացեք նաև
Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր շարունակում է ամբողջովին աջակցել համանախագահների ջանքերին: Մենք ակտիվորեն պաշտպանում ենք հետաքննության մեխանիզմ հիմնելու ջանքերը: Մենք նաև կաշխատենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմը ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: