Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Սերժ Սարգսյանի՝ 800 հեկտար տարածքի կորուստների մասին հայտարարության վերաբերյալ

Մայիս 17,2016 21:21

«Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում:

Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն»,-անդրադառնալով կորցրած տարածքներին՝ Վիեննայից վերադառնալիս ասել է ՀՀ նախագահը:

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը կորցրած տարածքների վերաբերյալ նախագահի ներկայացրած ծավալներին չհավատաց, հետո մանրամասնեց. «Ինքը նկատի ունի Մարտակերտի շրջանի այն հատվածը, որ 1994 թվականի զինադադարով մնացել է թուրքերի ձեռքում, նկատի ունի Մարտունու շրջանի այն հողերը, որ էլի մնացել են թուրքերի ձեռքում եւ Շահումյանն ենք թողել: Դա նկատի ունի երեւի, թե չէ 800 հեկտարը հսկայական ծավալ է: Այն հողերը, որ ապրիլյան պատերազմում ենք հանձնել թուրքերին, այդքան չեն կազմում»:

Պարոն Վարդանովը չհամաձայնեց նախագահի պնդմանը, թե կորցրած տարածքները չունեն մարտավարական նշանակություն. «Մարտավարական նշանակություն, իհարկե, ունեն, չունեն ռազմավարական նշանակություն: Բայց կրկնում եմ՝ չկա 800 հեկտարի կորուստ: Թալիշի հատվածում ադրբեջանցիներն ունեցել են  մոտ 20 հեկտար եւ Լելեթեպեում մոտ 30 հեկտար, որ գումարում ես ոչ մի ձեւով 800 հեկտար չի դառնում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:

Մեր հարցին, թե ինչ եք կարծում Թալիշն այլեւս չի՞ վերաբնակեցվի՝ հայտնվելով Ադրբեջանի ուղիղ թիրախում, պարոն Վարդանովն ասաց. «Ես այդ միտքն արտահայտել եմ դեռ քսաներկու տարի առաջ, որ չի կարելի Ղարաբաղի հատվածում գոնե մեկ բնակավայր ունենալ, որի վրա ադրբեջանցին կարող է կրակել, ես այդ մտքին եմ մինչեւ օրս: Ցավոք, այդտեղ պետք է մարդ սպանվեր, որ նոր մարդիկ գային այն մտքին, որին եղել եմ քսաներկու տարի առաջ: Չի կարելի այս օրով Թալիշում մարդ բնակեցնել»:

Զինված ուժերը, ըստ պարոն Վարդանովի, իսկապես, իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են, ու ինչպես Սերժ Սարգսյանն էր պնդում, կարող էին ստատուս քվոն վերականգնել. «Զինված ուժերն իրենց լավագույն ձեւով դրսեւորեցին, պաշտպանության բանակը բարձունքում է, ու ոչ մեկ չէր կարող անել իրենց գործն այնպես, ինչպես արեց պաշտպանության բանակը, որովհետեւ դիրքապահ տղաները կանգնեցրել են հարձակվողական գրոհային խմբերը: Այն դեպքում, որ դրա համար նախատեսված չեն, նրանք ավելի շուտ դիտակետեր են, որ լայնածավալ հարձակման դեպքում հետ քաշվեն ու հնարավորություն տան ոչնչացնեն հարձակվողներին, իսկ իրենք կարողացել են կանգնեցնել»:

«Միշտ էլ կարելի է ժողովրդահաճո կամ այս պարագայում ամբոխահաճո հայտարարություններ անել, թե այ, եթե ինձ թողնեին, ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք կանեինք սա։ Դա ասում են մարդիկ, որոնք կյանքում վառոդի հոտ չեն զգացել»,- Սերժ Սարգսյանի այս դիտարկումը, պարոն Վարդանովի մեկնաբանմամբ.

«Թերություններ որտե՞ղ չկան, չի սխալվում նա, որը ոչինչ չի անում: Ուղղակի պետք է այնքան խելացի լինենք, որ այդ թերությունները ուղղենք, իսկ եթե հիմար լինենք, այդ դասերը մեզ օգուտ չեն տա: Իսկ այն դիտարկումը, թե վառոդի հոտ չառած մարդիկ են ասում առաջ գնալ, դա ասելու բան չէր: Հիմա ունեմ խրամատներից ձայնագրություն, որ ասում էին՝ առաջ գնալ է պետք, հերիք եղավ, բոլ եղավ: Զինվորները դրան պատրաստ են հոգեպես, պարզապես երեւի քաղաքական տեսակետից իմաստ չկա, ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Շատ հարգելով հեղինակի կողմից կատարվող աշխատանքներին պետք է ասել, որ Թալիշ գյուղի մասին արտահայտված կարծիքը ճիշտ չէ, քանի որ այն միայն գյուղ չէ: Այն հանդիսանում է Արցախի հյուսիսային դարպասը: Իր մեծությամբ ժամանակին այն համարվել է Արցախի առաջին երեք գյուղերց մեկը: Մինչև ապրիլյան պատերազմը ձևավորված սահմանները ամբողջությամբ նպաստում էին գյուղի բնականոն կյանքի ապահովմանը: Ցավոք բոլոր մակարդակներում չգնահատվեց գյուղի ռազմավարական դերը ու չձեռնարկվեցին անհրաժեշտ ու պատասխանատու միջոցներ: Էլ չենք խոսում քաղաքացիական պաշտպանության հարցերին, որոնց լուծումը հնարավորություն կտար պատրաստ լիներ առաջացող էքստրեմալ պայմաններին: Գյուղը պարտադիր պետք է բնակեցնել, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն և հնարավորություն կտա ավելի պատասխանատու վերաբերվել Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանման հարցերին:

  2. Արշակ says:

    Էն ամենասկզբում ասվում էր՝ մեկ թիզ հող էլ չենք զիջել, հիմա՝ 800 հեկտար: Որպես ՀՀ քաղաքացի ես այդպես էլ չհասկացա. հիմա մենք իրականում որքա՞ն տարածք ենք կորցրել: Մի՞թե անհնար է հստակ նշել: Ո՞ւմ հավատանք: Էլ ո՞ւր կմնա մեր բանակի հանդեպ վստահությունը, եթե այս թվերն օրեցօր աճում են: Գուցե Սյունիքի մարզն է՞լ, ինչպես միլլի մեջլիսում որոշել էին, վերցրել են, գլխըներիս տակ փափուկ բարձ եք դնում, որ քիչ-քի՞չ ասեք:

  3. Arman says:

    «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել … >>

    Այսինքն իրանք ազատագրում Էին?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031