Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մայիսի 19-ի կառավարության նիստին է ներկայացնելու մի որոշման նախագիծ, որն առաջին հայացքից անշառ է: Ըստ կառավարություն ներկայացրած նախագծի, ՊԵԿ ղեկավարն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2014 թվականին օգոստոսի 28-ի N 896-Ն որոշման մեջ:
Ըստ այդմ, առաջարկվում է՝ «Հարկային եւ մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 896-Ն որոշման հավելվածում կատարել հետեւյալ լրացումը`5-րդ կետի 2-րդ ենթակետի «պաշտոն» բառից հետո լրացնել «կամ հայեցողական պաշտոն» բառերը:
ՊԵԿ-ի նշած որոշումով հաստատվում է հարկային եւ մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կազմն ընտրելու կարգը, թե ովքեր եւ ինչ պայմաններով կարող են թեկնածուներ առաջարկել: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ֆինանսների նախարարը: Նշենք, որ այս որոշումը 2014 թվականի օգոստոսին է ընդունվել, երբ արդեն ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը միավորված էին, իսկ հիմա այն տարանջատվել է:
Այս հանձնաժողովի նախագահը պետք է լինի հարկային կամ մաքսային ծառայող: Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը։ Այս հանձնաժողովի թեկնածուներին առաջարկում են հարկային տեսչությունների եւ մաքսատների (մաքսակետերի) աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավարի տեղակալները, որոնք նախապես թեկնածուին ներկայացնում են իրենց ղեկավարին: Թեկնածուներ են առաջարկվում նաեւ, ինչպես գրված է որոշման մեջ, ֆիննախի ստուգումների, քննչական, օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները եւ այլ իրավական գործառույթներ իրականացնող բաժիններից:
Կարդացեք նաև
Իսկ թեկնածուն պետք է ներկայացման պահին ունենա հարկային կամ մաքսային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության մյուս բնագավառներում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ: Ինչպես նաեւ ներկայացման պահին պետք է զբաղեցնի հարկային կամ մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն: Ահա հենց այս հատվածում է Հովսեփյանն առաջարկում պաշտոն բառից հետո լրացնել կամ՝ հայեցողական պաշտոն բառերը:
Հայեցողական պաշտոններն, ինչպես հայտնի է, նշանակվում են ղեկավարների կամքով, եւ առանց որեւէ լուրջ քննություն հանձնելու, կամ գիտելիքները պարզելու: Այս լրացումով ՊԵԿ-ը հնարավորություն է ստանում հայեցողական պաշտոն զբաղեցնող իր սրտով մեկին կամ մի քանիսին ընդգրկել նշված հանձնաժողովում:
Որոշման մեջ այս լրացումն անելու հիմնավորման մեջ նշված է, որ նպատակն է հարկային եւ մաքսային ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ