Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի լավատեսության մասին

Մայիս 17,2016 19:40

«Մեր նպատակն էր՝ պարզել արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի՞, եւ այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով»,- Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ իրականում ինչ պարզեցինք, նախագահի նշած տարբերակներից որ մեկն է հավանական:

«Այն, որ իրականում բանակցային գործընթացը փակուղում է, կարծում եմ՝ բոլորին է հասկանալի: Կա երկու հարց՝ արդյոք այն, ինչ տեղի է ունեցել ճանապարհ է, որը միայն հեռացնո՞ւմ է խնդրի լուծման  ռազմական հնարավորությունը, թե ունենք մի հնարավորություն, որի արդյունքում կունենանք մի քիչ ձեւափոխված, բայց նույն իրավիճակը, որն ունեինք նախորդ տարիներին, այսինքն՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, կարող ենք ասել, որ լուրջ ձեռքբերման հասել ենք եւ կարող ենք խոսել այն մասին, որ հրդադարի ռեժիմի պահպանման մեխանիզմները հաստատվել են եւ այլն: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձրացրել է, եւ մենք պետք է փորձենք բաժանել ռազմաքաղաքական ու դիվանագիտական գործողությունները. «Ռազմաքաղաքականի մասով ակնհայտ է՝ պատրաստվել պատերազմի, եթե նույնիսկ տեսնենք՝ այլ տարբերակ չկա, նախահարձակ գործողություններ արվեն, իսկ դիվանագիտական առումով նույնիսկ, եթե ոչ տեսանելի առաջխաղացում լինի, որը հույս տա, որ այո՛ հնարավոր է հրադադարի ռեժիմը պահել, դրան պետք է գնալ՝ չմոռանալով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախորդ գործողությունների փորձը հնարավորություն չի տալիս մտածել, որ կա ավելի վստահելի մեխանիզմ, քան զսպող հնարավորություններ՝ ՀՀ եւ ԼՂ պաշտպանության բանակները»:

Քաղաքագետը պրագմատիկ հայտարարություն որակեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր»:

«Քաղաքական գործիչները, երբեմն, պետք է ցուցաբերեն լավատեսություն՝ նույնիսկ իմանալով քաղաքական իրավիճակը, այս դեպքում քաղաքական գործչի լավատեսություն է, որովհետեւ չեմ կարծում, որ որակապես փոփոխված իրավիճակ կունենանք շփման գծում, բայց շատ  կուզենայի սխալվել: Ալիեւ-Սարգսյան հանդիպման արդյունքները համապատասխանում էին հայտարարված նպատակներին, սա առաջին հանդիպումն էր վերջին տասը տարում, որ, ի սկզբանե, հայտարարվել է, որ պետք է միայն քննարկվեն վստահության մեխանիզմների ստեղծման ու իրագործման հարցեր: Այլ բան էր, որ այն, ինչ ակտուալ էր մեկ ամիս առաջ կամ տասը տարի առաջ, այդքան էլ չի բավարարում այս պահին:  Արդյոք կունենանք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կգնա շփման գծում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը, ես  կասկածում եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031