Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ավելի շուտ չհանդիպեցին

Մայիս 17,2016 19:21

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայկական գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոնում» անցկացրեց Երեւան-Բաքու հեռուստակամուրջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագետների եւ լրագրողների մասնակցությամբ: Թեման օրակարգային էր. Վիեննայում կայացած երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մակարդակով հանդիպումից հետո կլինի՞ առաջընթաց բանակցային գործընթացում:

Հայաստանի փորձագետ՝Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, մենք ունենք խաղաղ բանակցությունները վերակենդանացնելու փորձ, որն արդեն իսկ վատ չէ, մենք ունենք հեռանկարի առումով խոստումներ, որ ի դեմս նախագահների՝  բանակցային գործընթացը կշարունակվի, որ սա լուրջ բռնկումները եւ բռնությունները մեղմելու եւ վերջապես խնդիրը քաղաքական կարգավորումով լուծելու փորձ է, այսինքն, խնդիրը լուծել ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: «Ի՞նչ կստացվի: Հայկական կողմերի եւ ադրբեջանական կողմի միջեւ իրական վստահություն չկա: Դժվար թե սահմաններում միանգամից դադարեն կրակել: Կապրենք, կտեսնենք: Ես շատ լավատես չեմ: Բայց այն, որ միացել է եւս մի ձեւաչափ՝ քաղաքական, թեկուզ ոչ կատարյալ, ոչ ամենալավը, ոչ միշտ իրագործվող, դա որոշակի հույս է ներշնչում, որ կողմերի միջեւ համագործակցությունը կշարունակվի ոչ թե ավտոմատներով, այլ բանակցային սեղանի շուրջ, ինչը վատ չէ», – ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարեւորեց քաղաքացիական ինստիտուտների փորձագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացումը: «Մեր քննարկումները, շփումները օգտակար են: Ես կարծում եմ, որ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման պատճառներից մեկը այդ շփումների նվազելն է: Ես հիմա ցանկանում եմ մեկնաբանել ոչ թե այն, ինչի հասել ենք, այլ այն, թե ինչո՞ւ նախագահները այս համաձայնություններին հասան լուրջ պատերազմից հետո, երբ մենք լուրջ կորուստներ ունեցանք: Ես պաշտոնական Բաքվի քաղաքականության հետ համաձայն չեմ: Ինձ հասկանալի է, թե  ինչու սկսվեցին ռազմական մեծ գործողությունները: Ստատուս քվոն ձեռք չէր տալիս, դժգոհություններ կային, որ բանակցությունները չէին շարունակվում: Արդյունքն ակնհայտ է. բազմաթիվ զոհեր, ցավոք, նաեւ Ղարաբաղում՝ քաղաքացիական անձանց: Դա շատ լուրջ է եւ մեզ ետ է շպրտում մոտակա ժամանակներում հակամարտությունը լուծելու հարցում:

Ես ինչ-որ տեղ զարմացած եմ, որ մեր նախագահները ինչ-ինչ դրական մտքեր են արտահայտել: Հնարավոր չէ՞ր դա անել ավելի վաղ եւ չհասցնել այնպիսի իրավիճակի, որ մենք ունենանք այսքան մեծ քանակությամբ զոհեր երկու կողմերից էլ: Ասում են, թե արդեն հունիսին կսկսեն բանակցել: Դրա համար ես ուրախ եմ, բայց չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է բանակցեն: Այդուհանդերձ, ես կողմ եմ բանակցություններին: Բայց մի հարց ունեմ: Ինչո՞ւ չի խոսվում դիպուկահարների մասին: Դա շատ էական հարց է: Մենք գրեթե ամեն օր լսում ենք զինվորների վիրավորվելու, կամ մահվան մասին: Եթե այնտեղ չի խոսվել շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, մենք  պետք է մեր խոսքն ասենք այս հարցում: Եթե պետք է բանակցություններ վարենք եւ ամեն օր իրար սպանենք, ես չեմ պատկերացնում, թե  դա ինչ է նշանակում», -ասաց Ստեփան Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031