Մայիսի 17-ին Աղվերանում բացվեց հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ):
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, արդեն երրորդ տարին է, որ իրականացվում է դպրոցների վարկանիշավորում, իսկ կոնկրետ մայիսի 17-18-ին քննարկվել ու քննարկվելու է դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը: «Ամեն տարի վարկանիշավորման ցուցանիշները հրապարակելուց հետո առաջանում էին հարցեր, թե ինչ մեթոդաբանությամբ եւ չափանիշներով է իրականացվում վարկանիշավորումը:
Նախկինում եւս այս թեմայով քննարկումներ էին կազմակերպվել, բայց փոքր խմբերով, ու որպեսզի իրազեկվածությունն ավելի մեծանա, այս տարի որոշեցինք ավելի մեծ կազմով քննարկել, որովհետեւ խնդիր ունենք կատարելագործելու վարկանիշավորման մեթոդաբանությունը: Հրավիրեցինք մարզային կրթությունների բոլոր վարչությունների պետերին, Կրթության ազգային ինստիտուտի ու տեսչության ներկայացուցիչներին, դպրոցների տնօրեններին, եւս մեկ անգամ քննարկելու վարկանիշավորման մեթոդաբանությունը եւ կատարելագործելու, որպեսզի դարձնենք ավելի վստահելի»,-նշեց պարոն Պողոսյանը:
ԿՏԱԿ-ի տնօրենը հավաստիացրեց, որ բավականին աշխույժ քննարկումներ են տեղի ունեցել, մասնակիցները բաժանվել էին 4 խմբերի, որոնք ազատ էին քննարկելու վարկանիշավորման մեթոդաբանությունը ամբողջությամբ՝ սկսած հրապարակումից, վերջացրած ցուցանիշներով, դպրոցները խմբերի բաժանելու տարբերակներով եւ այլն: «Խմբերով քննարկումների արդյունքում ձեւակերպվել են առաջարկություններ ու ներկայացվել, հիմնականում նույն մտահոգությունն է եղել՝ նույն ցուցանիշների մասով: Որոշակի պարզաբանումներ տվեցինք, կային նաեւ լավ առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն մեթոդաբանութան վերամշակման փուլում: Մոտակա ամսվա ընթացքում քննարկումների հանրագումարը կներկայացվի հանրության ուշադրությանը, ապա կիրականացվի դպրոցների հերթական վարկանիշավորումը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մայիսի 18-ին հանրակրթական դպրոցների վարկանիշավորմանը նվիրված աշխատաժողովը կշարունակի իր աշխատանքները, իսկ հետագա օրերին անդրադարձ կարվի նաեւ բուհերի վարկանիշավորմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ varkanish.am-ի