Ազգային ժողովում մայիսի 17-ին Վահան Բաբայանը հայտարարեց, որ ինքն իր համախոհների հետ միասին ձեւավորում է Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խումբ: Նա կոչ արեց միավորվել այդ նախաձեռնող խմբին:
«Մենք չունենք ո՛չ դաբրոներ, ո՛չ փողեր, այլ սկսում ենք 0-ից, եւ ես հպարտ եմ այդ փաստի շուրջ: Ռեֆորմիստների կուսակցությունը ստեղծվում է Հայաստանի ժողովրդին ծառայելու, նրա պատմական եւ իրական իղձերի իրականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու, ինչպես նաեւ քաղաքացիների բարեկեցության համար պայքարելու նպատակով: Ռեֆորմիստների ձգտումն է Հայաստանը դարձնել աշխարհի քաղաքակիրթ եւ զարգացած երկրներից մեկը՝ միավորելով աշխարհասփյուռ հայերին՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ռեֆորմիստները մերժում են բոլոր տիպի արկածախնդրությունները, ցնցումները, երկրի ներքին կայունությունը խոչընդոտող բոլոր դրսեւորումները»,- հայտարարեց նա:
Վահան Բաբայանը հավելեց, որ Ռեֆորմիստական կուսակցությունը պետականամետ քաղաքական ուժ է լինելու եւ ուղենշելու է բարեփոխումների միջոցով երկրի զարգացման ճանապարհը. «Մենք մերժում ենք ծայրահեղականությունը, մեր գաղափարները խարսխվելու են քրիստոնեական, համամարդկային արժեքների վրա: Ռեֆորմիստները կողմ են տնտեսական զարգացումներին, որտեղ կարգավորիչ դեր է ունենալու պետությունը եւ խրախուսելու են Հայաստանի գիտական ներուժի օգտագործումը երկրի անվտանգության եւ տնտեսության զարգացման գործում: Ռեֆորմիստական կուսակցությունը կարեւորում է ինչպես քաղաքացիական համերաշխության, այնպես էլ երկրի ղեկավարի ինստիտուտին աջակցելու գաղափարը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ