ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը մայիսի 17-ին Ազգային ժողովում հանդես եկավ առաջարկություններով:
Նա նախ առաջարկում էր հանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բոլոր գովազդները. «Հանել ոչ միայն նրա համար, որ 100-րդ տարելիցը մենք նշեցինք, այլ եկել է նոր ամիս, նոր վիճակ եւ հարկավոր է շատ արագ հաղթանակները նշելու գովազդները, ցուցատախտակները շատանան՝ կա Երկրորդ համաշխարհայինի հաղթանակ, կա՛ Շուշիի հաղթանակ, գալիս է Սարդարապատի հաղթանակը, ամբողջ հանրապետությունը պետք է լցվի այդ հաղթանակներով: Մեր ժողովրդին այսօր այդ ոգին է պետք»:
Արամ Մանուկյանը առաջարկեց նաեւ արգելել բոլոր այն բարեգործությունների գովազդը, որոնք այսօր իրականացվում են Լեռնային Ղարաբաղի համար. «Ռաբիսը հասել է բանակ, եւ այդ բանակն ամենեւին դրան չի արժանի, որ հերթով կանգնեն մի տոպրակ նվեր ստանան, եւ տվողն էլ նայի, թե ինչպես են իրեն նկարահանում: Այս ռաբիսությունը հարկավոր է հանել: Ցանկացած ելույթ, ցանկացած լրագրողի նյութ ոչ միայն հայաստանցու, Հայաստանի աչքի, ականջի համար է, այլ ամբողջ աշխարհի: Սա մենք պետք է հաշվի առնենք. դու իրավունք չունես նվաստացնել այն զինվորին, այն բանակին, որը դրան արժանի չէ:
Ինչպես ասենք՝ հացի համար նվաստացնում են մարդուն՝ կարող է 3 ժամ սպասի, որ մի չոր կտոր հաց ստանա, եւ դա կոչվում է բարեգործություն: Բարեգործությունը այն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, բարեգործությունն այն է, երբ չի արվում երրորդի համար, բարեգործությունը ներքին բարոյական խնդիր է, որը երբեք չպետք է նվաստացնի այն մարդուն, ում ուղղված է այդ բարեգործությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ