Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ճանաչելու է Արցախը. Շարմազանովը՝ Բունդեսթագի պատգամավորին

Մայիս 17,2016 17:24

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուի հետ:

Ողջունելով գերմանացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված հարաբերությունները, ինչպես նաեւ Գերմանիայի աջակցությունը մեր երկրին: Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ եւ նշել, որ որպես այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչներ՝ նրանք կարող են ամեն ինչ տեսնել իրենց աչքով:

Անդրադառնալով ապրիլի սկզբում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձություններին եւ ծանոթացնելով հյուրերին այդ օրերի վայրագությունները փաստող նյութերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տեղյակ եք, որ այդ օրերին ադրբեջանական ագրեսիային զոհ են գնացել ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ: Կարծում եմ՝ բոլորս պիտի սա դատապարտենք: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, եւ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մեր նպատակն է խաղաղ ճանապարհով հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»:

Անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձեւի քննարկմանը՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ միայն ճանաչելով եւ կանխարգելելով է հնարավոր փակել նոր ցեղասպանությունների իրագործման ճանապարհը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն իր խոսքում նշել է, որ իր կուսակցությունը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման, այլեւ Գերմանիայի՝ այդ հարցում պատասխանատվության վերհանման համար: Նա նշել է, որ իրենք աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031