Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ծախսերի կրճատման ծրագրեր ներկայացնել

Մայիս 17,2016 17:03

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:

Գործադիր մարմինը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ: Նոր որոշման ընդունումը պայմանավորված է նշյալ քաղաքացիների համար, նրանց կողմից բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներին տրամադրվում է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճար՝  հետ վերադարձման պայմանով, ապա՝ նաև բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վերը նշված շահառուներին գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճարը կտրամադրվի անհատույց:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել  ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ: Նոր որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ աշխատանքային կենսաթոշակները կվերահաշվարկվեն աշխատանքային և զինվորական կենսաթոշակները հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակների չափերը փոխվելու դեպքում :  Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև առանձին ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ նշանակված կենսաթոշակը, ինչպես նաև չաշխատելու պայմանով նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը դադարեցվում են՝ ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի:

ԼՂՀ կառավարության 2012թ. հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման մեջ արված փոփոխություններով ու լրացումներով հստակեցվել են որոշմամբ սահմանված կատեգորիաների շրջանակները, մասնավորապես՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինծառայության ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողների և այլ անձանց ցանկերը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝  հղիության և ծննդաբերության նպաստը  վերանվանվել է մայրության նպաստի և սահմանվել վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը:  Որոշմամբ սահմանվել է  վարձու աշխատողի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ:

Նիստում գործադիր մարմինը սահմանել է  Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը, որով լիազորված մարմինն ապահովում է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)՝ ԼՂՀ կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը:

Կառավարության հավանությանն է արժանացել գլխավոր հաշվապահ աշխատելու համար հանրային հատվածի հաշվապահի որակավորման պահանջ ունեցող հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը: Սահմանված ցանկում ընդգրկված կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգը կներդրվի աստիճանաբար՝ 2017-2020թթ. ընթացքում՝ լիազոր մարմնի սահմանած ժամանակացույցին համապատասխան: Գլխավոր հաշվապահի պաշտոն զբաղեցնող անձը, լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստումն անցնելուց հետո, համարվելու է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստացած՝ առնվազն հինգ տարի ժամկետով:

Նիստում հաստատվել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը և սահմանվել դրանց ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները:

«Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունը  հաստատել է ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր  հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները ԼՂՀ ֆինանսների նախարարությանը տրամադրելու կարգը և սահմանել այդ տեղեկությունների ցանկը:  2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-27-Ն օրենքի համաձայն՝  հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվելու է պետական ռեգիստրի կողմից, որի վերաբերյալ վերջինս հարկային մարմին առցանց ռեժիմով կտրամադրի տեղեկատվություն:

Նիստում ուժը կորցրած են ճանաչվել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը, հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանելու, ինչպես նաև ԼՂՀ կառավարության  մի շարք այլ որոշումներ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի պահանջներից, համաձայն որոնց՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառման համարի տրամադրման դիմումի և վկայականի ձևերը, դրանցում լրացման ենթակա տվյալների ցանկերը սահմանում է կառավարությունը:

Գործադիր մարմինը հաստատել է հարկային մարմնի կողմից եկամտային հարկի անձնավորված  հաշվառման տեղեկատվական բազայից ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տվյալներ տրամադրելու կարգը:

Կառավարության կողմից հաստատվել են վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների ու սաղմի պահպանման կարգը և պայմանները:

Կառավարության հավանությանն է արժանացել  ԼՂՀ Շուշիի շրջանի մի շարք համայնքներում բազմամյա խոտաբույսերի մշակության 2016 թվականի ծրագիրը: Ծրագրի նպատակներից են այդ մշակաբույսերի տարածքների ընդլայնմամբ անասունների համար կերային բազայի ապահովումն ու գյուղատնտեսական նշանակության հողերի կառուցվածքի բարելավումը:

Գործադիր մարմնի որոշումներից մեկում արված փոփոխությամբ՝ նախատեսվում է հողօգտագործողների կողմից՝ իրենց տրամադրված սերմի արժեքի վերադարձում, եթե հողօգտագործողը տվյալ տարվա գարնանը և աշնանը  մշակաբույսի (կորնգանի) ցանքս չի կատարում:

Նիստում սահմանվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը: Նույն որոշմամբ՝ ԼՂՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման և տնօրինման մարմին է ճանաչվել  ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:

Փոփոխություն է մտցվել  ԼՂՀ կառավարության 2008թ. հունիսի 10-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 432 որոշման մեջ, որի արդյունքում սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշերում, բացի գործող տառերից, կթույլատրվի օգտագործել նաև «G» և «X» տառերը:

Նիստի ավարտին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ամփոփելով Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայով պայմանավորված իրադարձությունները, նշել է, որ դրանք իրենց հետևանքներն են թողնելու հանրապետության տնտեսության և բյուջեի վրա: Մասնավորապես, ստեղծված իրավիճակում ծախսերը նախատեսվածից ավելի են արվում մի շարք կարևորագույն  խնդիրների լուծման ուղղությամբ:

«Պահուստային ֆոնդից առաջնագծի ամրապնդման և սոցիալական լարվածության թուլացման ուղղությամբ գումարներ են ծախսվել: Աշխատավարձերի փոխհատուցում և դրամական աջակցություն են տրվում առաջնագիծ մեկնած մեր բոլոր հայրենակիցներին: Իսկ գործատու հանդիսացող ընկերություններին առաջարկվելու է արտոնյալ վարկերի տրամադրում՝ իրենց աշխատակից-դիրքապահներին աշխատավարձ տալու նպատակով: Այս ամենին զուգահեռ՝ նաև բյուջեի եկամուտների ձևավորման խնդրի առջև ենք կանգնելու՝ վերջին շրջանի ռազմական գործողություններով և խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունների չնախատեսված աշխատանքներով  պայմանավորված: Մի կողմից պետք է լրացուցիչ ծախսեր իրագործենք, մյուս կողմից եկամուտների նվազում է տեղի ունենալու: Հետևաբար, պետք է ծախսերը կտրուկ նվազեցնենք»,- նշել է վարչապետը և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ծախսերի կրճատման առաջարկություններ: Կրճատումները, սակայն, ըստ Ա. Հարությունյանի, չեն ազդելու այն ծրագրերի վրա, որոնք աշխատատեղեր են ստեղծում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ կիսամյակից վերանայվելու է պետբյուջեն և փոփոխություններ կատարելու առաջարկով ներկայացվելու ԱԺ:

Վարչապետը հանձնարարել և հորդորել է համապատասխան կառույցների ղեկավարներին, մասնավորապես, շուկայում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների և գազալցակայաններում մատակարարվող սեղմված գազի գների  ուսումնասիրություններ անցկացնել, քանի որ առկա են դրանց բարձրացման վերաբերյալ որոշ ահազանգեր: Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է հրետակոծությունից տուժած բնակավայրերի վերականգնման և տնտեսության զարգացման ծրագրեր մշակել՝ կառավարությանը ներկայացնելու համար:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031