Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտություն եւ հաղթանակ (պատմվածք)

Մայիս 17,2016 16:50

Օգոստոս ամիսն էր: Հիմնարկի տված ուղեգրով Ջերմուկի առողջարաններից մեկում բուժվում էի: Հերթական բուժական ընթացակարգը (պրոցեդուրան) ավարտելուց հետո հանգստասրահ էի շտապում՝ նոր ծանոթներիս հետ զրուցելու: Հանկարծ դիմացս հայտնվեց միջին հասակի մի անծանոթ տղամարդ, քաղաքավարի բարևեց և անմիջապես էլ հարցրեց.

-Բիլիարդ խաղալ գիտե՞ս:

-Տարիներ առաջ մի քանի անգամ ընկերներիս հետ փորձել եմ, բայց լավ չի ստացվել,-ասացի ես:

-Բիլիարդի խաղափայտը բռնել գիտե՞ս,-ավելի մանրացավ անծանոթ տղամարդը:

-Դե՛, ինչպես ասացի, որ խաղացել եմ, ուրեմն խաղափայտն էլ բռնել գիտեմ,-ասացի ես:

-Գնացի՛նք,-հրամայաբար ասաց նա ու թևանցուկ անելով ինձ տարավ բիլիարդի սենյակ:

Բիլիարդանոցում ոչ-ոք չկար, բացի միջին տարիքի մի կնոջից, որը կառավարում էր այդ խաղասենյակի աշխատանքները:

Անծանոթ տղամարդը մոտեցավ նրան, ինչ-որ գումար մուծեց, եկավ բիլիարդի սեղանի մոտ, նրա կենտրոնում եռանկյունաձև փայտյա սարքով շարեց գնդիկները, ապա ինձ, որպես թույլ խաղացողի առաջարկեց, որ կատարեմ առաջին հարվածը:

Ես էլ վարպետորեն աջ ձեռքով բռնելով բիլիարդի խաղափայտի հաստ պոչը, նրա սուր ծայրով ընտրեցի գնդիկների եռանկյունաձև բուրգի գագաթը ու մի քանի անգամ խաղափայտը տարուբերելով սողացրեցի ձախ ձեռքիս հատուկ ձևով հանգույց կազմած մատերիս վրայով, ինչպես վայել է վարպետ խաղացողին և վերջում թափով շարժելով առաջ այն հարվածեցի նշան բռնած գնդիկին:

Իմ հարվածից հետո խաղագնդիկները ցրվեցին ամբողջ սեղանի տարածքով, բայց նրանցից և ոչ մեկը չբարեհաճեց գլորվել սեղանի վեց զամբյուղներից որևէ մեկի մեջ:

Հաջորդ քայլը հակառակորդինս էր, որը փայլելով իր արհեստավարժությամբ ամեն մի խաղագնդիկին հարվածելուց հետո, որևէ զամբյուղից հանում էր այնտեղ հանգրվանած գնդիկը և շարում պատին ամրացված խաղագնդիկների ժամանակավոր պահման հատուկ տախտակի վրա: Երեք, թե չորս խաղագնդիկ տարբեր զամբյուղներից հանելուց հետո, նա վերջապես վրիպեց և հարվածելու հերթը նորից ինձ հասավ:

Երկար դիտարկելուց հետո՝ ես ընտրեցի հարմար մի խաղագնդիկ, երկար նշան բռնեցի խաղափայտի սուր ծայրով նրա կենտրոնին և մի քանի անգամ ետ ու առաջ սահեցնելով, թափով հարվածեցի նրան:

Այն, ինչ տեղի ունեցավ իմ հարվածից հետո, դժվար է նկարագրել: Բիլիարդի խաղագնդիկը չգիտեմ կպավ մի այլ գնդիկի, թե ինքը սեփական ցանկությամբ դուրս թռավ սեղանի վրայից՝ հաղթահարելով սահմանափակող արգելապատնեշը, թրխկաց հատակին, ապա դանդաղորեն գլորվեց դեպի սենյակի իրեն հարմար անկյունը:

Խաղընկերս, իհարկե, դեմքը ծամածռեց, նյարդային ինչ-որ շարժում արեց, խորը շունչ քաշեց և արտաբերեց.

-Մինուս մեկ խաղագնդիկ:

Հերթը նորից իրենն էր և նա այս անգամ էլ վարժ հարվածներով մի քանի խաղագնդիկ գլորեց սեղանի տարբեր կողմերում կախված զամբյուղների մեջ ու երբ վերջապես վրիպեց, ես պատրաստվեցի հաջորդ հարվածը կատարելուն: Իհարկե, նախորդ անհաջող փորձից հետո, ես մի քիչ հուզված էի, բայց վստահ, որ այս անգամ պետք է որ հարվածս լավ ստացվի:

Երկար նախապատրաստվելուց հետո, երբ մի քանի անգամ խաղափայտի սուր կողմը սահեցնելով ձախ ձեռքիս հատուկ հանգույցի մեջ՝ կատարեցի վճռական հարվածը աջ ձեռքիս հրումով, խաղընկերս գույնը գցեց, դեն նետեց իր ձեռքի խաղափայտը, մոտեցավ խաղասենյակի տիրուհուն, ինչ- որ բան շշնջաց, ետ վերցրեց գրավ դրած գումարը, կամացուկ ու առանց մի խոսք ասելու լքեց խաղասենյակը:

Բանը նրանում էր, որ իմ հարվածից հետո խաղափայտի ծայրը ծակելով բիլիարդի սեղանի թավշյա ծածկոցը խրվեց նրա մեջ ու լռվեց նրա տակ՝ այդպես էլ չիրականացնելով սպասվելիք հարվածը: Խայտառակությունը լիակատար էր:

Ես էլ հետևելով հակառակորդիս պահվածքին, բայց ոչինչ չասելով խաղասենյակի աշխատակցուհուն, կամացուկ հեռացա բիլիարդասենյակից և քայլերս ուղղեցի դեպի ընդհանուր հանգստասրահ:

Ավելի ուշ ինձ ասացին, որ իմ բիլիարդի խաղընկերը այդ ժամանակներում հայտնի օրենքով գողերից մեկն է եղել, որի գողական անունը հիմա չեմ հիշում:

Դեռ նոր էի մուտք գործել ընդհանուր հանգստասրահ, երբ դեմս դուրս եկավ առողջարանի մի այլ բուժվող տղամարդ ու նորից բարևելով ինձ հարցրեց.

-Նարդի խաղալ գիտե՞ս:

«Այ, քեզ հերթական անակնկալը»,-մտածում եմ ես, սրան ի՞նչ պատասխանեմ, որ լավ լինի ու անկախ ինձանից ասացի,-խաղալ գիտեմ, բայց ձեզ նման՝ երևի ոչ:

Դե, ես մի քանի անգամ ներկա էի եղել այդտեղի վարպետ նարդի խաղացողների ներկայացումներին ու տեսել էի, թե նա ինչպես է մեկը մյուսի ետևից հաղթանակներ տանում արհեստավարժ նարդի խաղացողների դեմ:

-Իսկ դուք ինչ գիտեք, թե ես ո՞նց եմ խաղում,-հարցրեց նա:

-Դե, դիտել եմ Ձեր խաղը այստեղի ուժեղների հետ:

-Լավ, արի մի «թայլա» խաղանք, մինչև մեր ընկերները կվերջացնեն իրենց պրոցեդուրաները ու կգան, հետո կտեսնենք:

Տղամարդը նստեց ցածրիկ սեղանի շուրջ, որտեղ դրված էր նարդին, բացեց այն, խաղաքարերը շարեց, ես էլ իմ հերթին տեղավորվեցի նրա դիմացի նստարանին, շարեցի ինձ հատկացված քարերը, զառերը գցեցինք ու իմ բախտը բերեց, իմ թիվը ավելի մեծ էր ու ես պիտի առաջինը սկսեի:

Զարմանալիորեն առաջին պարտիան հեշտությամբ իմ հաշվին գրանցեցի, հետո երկրորդը, երրորդը: Ինչ գլուխներդ ցավեցնեմ, այսպես ասած «թայլան» շահեցի՝ հինգ-երկու հաշվով: Ի՜նչ զառեր էին գալիս, հարկավոր պահին, հարկավոր թվերը: Դիմացինս նյարդայնությունից չգիտեր ինչ աներ: Լսելով հայտնի նարդի խաղացողի պարտության մասին, շուտով մեզ շրջապատեցին հիմնական նարդի խաղացողները և նաև հանդիսատեսը: Հիմա նրանցից մեկը ասում է.

-Հենդո (պարտվողի անունը), հլա թող տեսնեմ, թե ես ինչ եմ անում:

Հենդոն, իհարկե, դժկամորեն տեղը զիջեց Վարդգեսին, որը չթողեց վրեժը ինձանից առնելու: Դե, այստեղ ընդունված կարգ է, պարտվողը տեղը զիջում է նրան, ով կհամարձակվի ձեռնոց նետել հաղթողին, եթե այդպիսի հավակնորդ կա: Իհարկե, այստեղ էլի իմ բախտը բերեց և ես հարգելի զառերի շնորհիվ Վարդգեսին էլ պարտության մատնեցի՝ ավելի մեծ հաշվով՝ հինգ-մեկ: Իրադրությունը ավելի շիկացավ, երբ նրան փոխարինած Շավարշն էլ նույն բախտին արժանացավ:

Սեղանի շուրջ հավաքվածների մեջ խուճապ առաջացավ, երևի մտածում են, թե այս անհայտ անձը ինչպե՞ս կարողացավ նարդու երեք հայտնի վարպետներին պարտության մատնել, բայց ամենից շատ ես էի զարմացել, որ նարդի խաղացողի համբավ չվայելող անձս տոնում էի հաղթանակ հաղթանակի ետևից:

-Օղուլ, հլա թողեք, ինչղ կեղնի, որ ըսիգ ըսպես սաղիս տանի,-ասաց գյումրեցու առոգանությամբ մի ուրիշ տղամարդ և Շավարշը հնազանդորեն տեղը զիջեց նրան:

Հենց այդ միջոցին էլ, լսեցի հյուրանոցի իմ հարևան սենյակի նորեկ Մաքսիմի ձայնը, որը նույնպես հայտնի նարդի խաղացող էր:

-Փայլակ ջան,-արի տեղդ ինձ զիջիր, հոգնել ես, ավելի լավ է հաղթանակած թողնես ասպարեզը, ես քո փոխարեն կհաղթեմ այս Գուրգենին,-ասաց Մաքսիմը և ինձ հրելով մի կողմ, նստեց իմ տեղում:

Անցել են տարիներ այդ օրվանից ու երբ հարազատներիս ու ծանոթներիս շրջապատում զրուցելիս խոսք է բացվում բիլիարդի կամ նարդու մասին, կարոտով եմ հիշում այդ օրը և պատմում իմ՝ բիլիարդում կիսատ թողած անփառունակ խաղի և նարդու ասպարեզում տարած փառավոր հաղթանակների մասին:

Բայց հետաքրքիրն այն է, որ չգիտես ինչու, առաջինին հավատում են անվերապահորեն, իսկ երկրորդին թերահավատորեն են վերաբերվում: Բայց, որ դա իրականություն է, ազնիվ խոսք, ես չեմ չափազանցնում: Ուզում եք, գնացեք Ջերմուկի առողջարաններից մեկի իմ կողքի սենյակում հանգստացող Մաքսիմին հարցրեք:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031