Մոտ երեք ամիս առաջ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին (լուսանկարում) պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության նախկին 8 աշխատակիցներ դիմել են դատարան` «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու հայցով: Նիկոլայ Գասպարյանը, Էմանուել Մարգարյանը, Մուշեղ Մարգարյանը, Արմեն Սարգսյանը, Դավիթ Ենգիբարյանը, Մկրտիչ Անտոնյանը, Ավետիք Փեփոյանը, Արծվիկ Ղազարյանը պատճառաբանել են, որ ընկերությունն իրենց միլիոնների հասնող աշխատավարձերի պարտք ունի:
Օրինակ՝Նիկոլայ Գասպարյանի աշխատավարձի պարտքը, որը չի վճարվել երկու տարի, կազմում է 16 միլիոն 523.712 ՀՀ դրամ, որից հիմնական պարտքն է 10 միլիոն 738.181 դրամը, տույժը` 5 միլիոն 785.558 ՀՀ դրամը:
Ըստ հայցադիմումի, Էմանուել Մարգարյանին աշխատավարձի պարտքը կազմում է
28 միլիոն 493.206 դրամ: Այս աշխատակցին նույնպես երկու տարվա գումար «Գրեյթ Վելլին» չի վճարել:
Մուշեղ Մարգարյանին ընկերությունը պարտք է 10 միլիոն 338.693 ՀՀ դրամ
Կարդացեք նաև
Արմեն Սարգսյանին` 21 միլիոն 140.200 դրամ: Դավիթ Ենգիբարյանին 24 ամսվա համար «Գրեյթ Վելլին» չի վճարել 10 միլիոն 345.796 ՀՀ դրամ:
Մկրտիչ Անտոնյանի աշխատավարձի պարտքը կազմում է 10 միլիոն 019.381 դրամ
Ավետիք Փեփոյանին ընկերությունն աշխատեցրել եւ չի վճարել երկու տարվա աշխատավարձի 9 միլիոն 430.914 դրամը, ընկերության արդեն նախկին աշխատակից Արծվիկ Ղազարյանին էլ չի վճարվել 14 միլիոն 861.282 ՀՀ դրամը:
Ի դեպ, «Գրեյթ Վելլի ՀՁ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Պետրոսյանը քննության առնելով աշխատակիցների հայցը՝ վճռել է բավարարել «Գրեյթ Վելլիին» սնանկ ճանաչելու աշխատակիցների պահանջը,
«Գրեյթ Վելլի ՀՁ»-ից էլ հօգուտ պետական բյուջե բռնագանձել 500.000 դրամ նախապես վճարված պետտուրք:
Ինչպես տեղեկացանք «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունից այս պահին «Գրեյթ Վելլի»-ի մասով սնանկության 3 գործ կա, որից մեկը «Գրեյթ Վելլի ՀՁ»-ի սնանկության գործն է, որի կառավարիչ է նշանակվել Արսեն Չիտչյանը:
Aravot.am-ի հարցերին, թե, ընդհանուր առմամբ, ընկերությունը որքա՞ն է պարտք այս գործով, քանի՞ պարտատեր կա, որքա՞ն գումարի գույք ունի «Գրեյթ Վելլին», պարոն Չիտչյանն ասաց, որ դեռ ոչինչ ասել չի կարող, քանի որ գործընթացը նախնական փուլում է եւ դեռ վաղ է այդ մասին տվյալներ ներկայացնել: Նրա խոսքերով, դեռ պարտապանների ցուցակը հաստատված չէ եւ ամեն օր այն կարող է համալրվել, այդ իսկ պատճառով պարտատերերի թիվն էլ դեռ պարզ չէ: Ըստ սնանկության գործով կառավարչի, գույքագրումը եւս ընթացքի մեջ է, որից հետո նոր միայն պարզ կլինի ընկերության ունեցած գույքի չափը:
Մոտ 1 ու կես տարի առաջ էլ «Հայբիզնեսբանկ»-ն է դիմել դատարան «Գրեյթ Վելլի Քամփընի» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու հայցով: Ընկերությունն այս բանկից
8.404.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ է վերցրել, սակայն պայմանագրով նախատեսված վճարումները չի կատարել: Բանկը վիճարկել է տույժ տուգանքներով գումարը վերադարձնելու հարցը:
Դատարանի վճռով «Գրեյթ Վելլի Քամփընի»-ին եւս ճանաչվել է սնանկ:
«Գրեյթ Վելլի» ընկերության որեւէ պատասխանատուի հետ մեզ չհաջողվեց խոսել, ընկերության հեռախոսահամարները պարզապես «գոյություն չունեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ