Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է». ԵԿՄ-ականները` գեներալ Մանվելի մասնակցությամբ միջադեպի մասին

Մայիս 17,2016 16:29

Հադրութում մայիսի 9-ին ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձան ԵԿՄ վարչության ներկայացուցիչները: Մանվել Գրիգորյանի օգնականը` Մեսրոպ Մանուկյանը հայտնեց, որ ինքն անձամբ է ներկա եղել միջադեպին, եւ Վահան Բադասյանի պատմածը սուտ է:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի քաղաքական գործիչ, հրամանատար Վահան Բադասյանի, Մանվել Գրիգորյանը հայհոյել էր ճամփեզրին կանգնած զինվորներին:

«Դա ամբողջությամբ սուտ է: Մոբիլիզացիոն զորքից ոչ մեկ չի եղել, չի եղել նաեւ շարասյուն` գեներալ Մանվելի ղեկավարությամբ: Առջևից ընթանալիս է եղել գեներալի մեքենան, հետևից` «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որում եղել եմ ես: Մեր հետեւից էլ շտապօգնության «Ուազ» մակնիշի մեքենան էր գալիս: Երկու ավտոմեքենա կանգնած էին թեք, դռներն էլ բաց: Առաջին ազդանշանից հետո դրանք իրենց դիրքը չփոխեցին, այդ պատճառով էլ գեներալը փորձեց շրջանցել այդ ավտոմեքենաները, հորդորեց, նաեւ սաստեց` ասելով, որ չի կարելի ճանապարհը փակել»,-պատմեց Մեսրոպ Մանուկյանը:

ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի խոսքով` գեներալ Մանվելի դեմ գործում է մի հանցախումբ, որի նպատակն է վարկաբեկել Գրիգորյանին, նաեւ ընդգծեց, որ միջադեպի մասին սուտ տեղեկությունը վճարովի գովազդի պես տարածվում է. «Բադասյան Վահանը նման բան է հայտարարում, հետո որ փաստերով նեղում ենք, ասում է՝ հա դե, ես ներկա չեմ եղել, պատմել են…»:

Վարդան Վարդանյանն անդրադարձավ նաեւ տեղեկատվությանը, թե դեպքից հետո Մանվել Գրիգորյանին հեռացրել են Հադրութից: «Գեներալ Մանվել Գրիգորյանը միշտ էլ գտնվում է այնտեղ, որտեղ որ ճիշտ է համարում գտնվել: Ոչ մեկ չի որոշում, թե նա որտեղ պետք է լինի: Հադրութցիները ժամանակին տեսել են, որ եթե Հադրութում կանգնած է Մանվել Գրիգորյանը, ուրեմն այդտեղ անվտանգ է»,-ասաց Վարդանյանը:

ԵԿՄ վարչության անդամ, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ իր հերթին սուտ որակեց Բադասյանի հարցազրույցը, նաեւ տեղեկությունը, թե գեներալ Մանվելն անգամ չի մասնակցել Արցախյան ազատամարտին: Բանախոսները դատապարտեցին նաեւ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի` դեպքի առնչությամբ արված հայտարարությունը:

Հավելենք, որ միջադեպը մեկնաբանել էր նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031