Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը դիմել է քաղաքացիներին, լրագրողներին, որ ովքեր գիտեն տնտեսությունը մենաշնորհողներին, տվյալները, փաստերը թող ներկայացնեն:
Այս առնչությամբ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շնորհավորեց լրագրողներին՝ լավ հնարավորություն է մամուլի բոլոր բացահայտումները ներկայացնելու Արծվիկ Մինասյանին. «Կարող եք հակադարձել իրեն, ասեք՝ բայց դուք ժամանակին ձեր կուսակցության կողմից ստորագրել եք 12 կետերը, որոնք պահանջում են մենաշնորհների վերացում: Հարցրեք՝ էդ ժամանակ ի՞նչը նկատի ունեիք, էն ժամանակ տեսնում էիք մենաշնորհները, ի՞նչն է հիմա խանգարում ձեզ, կամ ձեր տեսողության որակի վրա ի՞նչն է ազդում: Իրավիճա՞կն է հիմա փոխվել, այլեւս մենաշնորհներ չկա՞ն»:
Դիտարկմանը, որ գուցե ընդդիմությունից իշխանություն դառնալուց հետո արդեն չեն տեսնում՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Դե ուրեմն պետք է ուսումնասիրել իշխանությունների հասնելու հետեւանքները տեսողության վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ