ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ: Առաջնության բացմանը ներկա են գտնվել նաև ՖԻԴԵ-ի Նախագահ Կիրսան Իլյումժինովը, Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատուներ: ՀՀ Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը խաղատախտակի առջև կատարել են առաջին քայլը՝ ազդարարելով առաջնության բացումը:
Մինչ արարողության մեկնարկը, Հանրապետության Նախագահը և ՖԻԴԵ-ի Նախագահը ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Խուլերի շախմատի անհատական առաջնության բացման շրջանակում ՀՀ Նախագահին շախմատի տանը ներկայացրել են նաև սուրդո (խուլուհամրերի) թարգմանության ավտոմատացված ծրագիրը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև ներկա է գտնվել Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը: Այն շախմատի ամենամեծ մարզադպրոցն է Երևանում: Նախագահը շրջել է լիովին վերանորոգված և կահավորված մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմաններին: Դպրոցում գործում է 21 խումբ` 240 սանով: Պատասխանատուների հավաստմամբ, մարզական այս կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 450 սան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ