Ապրիլի 25-ի երեկոյան Իջեւանի զորամասերից մեկում հայտնաբերվել է հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի դի:
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝
25.04.2016թ., ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի մահվան հանգամանքները։
Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից տեղեկացել ենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»): Զինվորական կայազորի դատախազը նաեւ հայտնել է, որ քրեական գործով փորձաքննություն են նշանակել:
Ա. Զաքարյանին ասացինք, որ վերջերս մամուլում հրապարակումներ են եղել, որ մահացած Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը բացառել էր, որ իր որդին ինքնասպան է եղել, ասել է, որ դա կապված է զորամասի սպաների կողմից բենզինի գողության հետ, որին խոչընդոտել է Հովհաննես Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Լոռու զինվորական կայազորի դատախազն ասաց, որ իրենք լսել են Վաչիկ Պետրոսյանին, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ, որոնց մասին՝ ելնելով քննության գաղտնիությունից, նա մանրամասներ չհայտնեց: Ա. Զաքարյանից տեղեկացանք, որ այդ քրեական գործով ձերբակալված անձ չկա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հովհաննես Պետրոսյանի լուսանկարը՝ ok.ru կայքից