Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ հրճվանք անտեղի է որեւէ մեկի կողմից». Զուրաբյանը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Մայիս 17,2016 16:04

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, ասաց. «Իշխանությունը հիմա գտնվում է ռազմական ճգնաժամի կարգավորման գործում, որում մենք մեր առաքելությունը տեսնում ենք նրա մեջ, որ ամրացնենք պետական իշխանության դիրքերը եւ ռազմաճակատում, եւ բանակցային գործընթացում: Կոնկրետ այդ հարցերով մենք աշխատում ենք չքննադատել: Բայց ես կարծում եմ, որեւէ հրճվանք անտեղի է որեւէ մեկի կողմից: Սա շատ լուրջ գործընթաց է, եւ դրա մասին կարելի է դատել միայն արդյունքներով, ոչ թե հայտարարություններով կամ հռչակված մտադրություններով: Ողջունելի է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը, ԵՄ-ն, բոլորը կարծես հասկացել են ինչ պայթյունավտանգ է վիճակը, որ սա կարող է դառնալ մի լուրջ հրդեհ: Ակնհայտ է, որ բոլորը վճռական քայլեր են անում՝ նման զարգացումը կանխելու նպատակով: Սա ողջունելի է, բայց ուր ենք հասնելու, դա ցույց կտա իրավիճակի զարգացումը»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, հայտարարությունները չի կարելի համարել լուրջ հաջողություն: Նա ասաց, որ այսպես թե այնպես բոլոր պետություններն էլ ունեն հետախուզություն, արբանյակային դիտարկում եւ ինֆորմացիա կարող էին ստանալ, թե ինչ է իրականում կատարվում շփման գծում. «Բայց պետությունները այդ ինֆորմացիայից կարող են օգտվել, երբ իրենց պետք է կամ չօգտվել, կամ անտեսել, երբ իրենց պետք չի: Բայց մշտադիտարկումը նշանակվում է, որ արդեն պատասխանատվություն է դրվում այդ երկրների վրա: Այդ ինֆորմացիան ստուգվող է, բոլորի համար հասանելի է եւ այդ ինֆորմացիայով մանիպուլյացիա անել հնարավոր չէ: Եթե դա հաջողվի անել, իհարկե, դա կլինի մեծ առաջընթաց: Բայց ընդամենը հայտարարություններ են արվել: Դրանց արդյունավետության մասին կարելի է եզրակացություն անել միայն որոշ ժամանակ անց, երբ դառնա դա իրողություն»:

Հարցին՝ այս հայտարարությունները կզսպե՞ն Ադրբեջանին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ մշտադիտարկում լինի, մեխանիզմներ ներդրվեն, դրանք չեն կարող համարվել բավարար երաշխիք՝ հակամարտության վերսկսման դեմ: Ակնհայտ է, որ հակամարտության պատճառները շատ ավելի լուրջ են եւ զարգացումները՝ ավելի խորքային: Ադրբեջանը նավթադոլարները վերածել է սպառազինության, ցանկանում է ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծել:

Մեր հարցին՝ Լավրովը խոսեց փոխզիջումների մասին, որ եւ Բաքուն, եւ Երեւանը պատրաստ են գնալ զիջումների, այդ հայտարարությունների տակ կարո՞ղ ենք հասկանալ, որ նկատի ունի Կազանյան փաստաթուղթը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես որեւէ տեղեկություն չունեմ, որը ինձ թույլ կտար եզրակացություններ անել, իսկ գուշակելու խասիաթ ես չունեմ: Ինչ-որ բաներ ասվել են: Եթե անգամ դրանք ասվել են շատ բարձր պաշտոնյաների, ղեկավարների կողմից, դա դեռ չի նշանակում, որ դրանք լիակատար համապատասխանության մեջ են իրողությունների հետ: Դրա համար եկեք համբերենք, տեսնենք՝ հայտարարություններն իրականանո՞ւմ են, թե՞ ոչ»:

Մեր հարցին՝ Մամեդյարովը շատ գոհունակությամբ է խոսում հանդիպման, Լավրովի հայտարարության մասին՝ Վիեննայի հանդիպումից հետո, ինչո՞վ է պայմանավորված, որ երկու կողմերն էլ գոհ են, մերոնք ասում են՝ մեր հաղթանակն էր, Ադրբեջանն էլ ասում է, որ շատ գոհ է՝ նա պատասխանեց, որ դրանք հակամարտող կողմերի քարոզչական հնարքներն են եւ դրան պետք է նայել սառը հայացքով. «Հակամարտող կողմերը բնականաբար ցանկանում են ցույց տալ իրենց հանրությանը, որ իրենք հաղթանակած են դուրս եկել կամ գոհ են: Առաջարկում եմ սրան մոտենալ որպես անխուսափելի քարոզչական միջավայրի, որը պետք չի լուրջ ընդունել: Պետք է հետեւել արդյունքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031