Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան հաստատեց, որ Անի Մաջնունյանի սպանության օրը Մուշեղ Մխիթարյանը եղել է նրա տանը

Մայիս 17,2016 15:54

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մայիսի 11-ին, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

Հիշեցնենք, որ Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Դատավորին զեկուցվեց, որ տուժողի իրավահաջորդը` Անի Մաջնունյանի եղբայրը, տեղափոխվել է ՌԴ, այդ պատճառով էլ Մաջնունյանի մայրը` Տիկին Լորետան, դիմում է ներկայացրել` խնդրանքով, որ իրեն ճանաչեն որպես տուժողի իրավահաջորդ: Կողմերն այս առնչությամբ առարկություններ չներկայացրեցին, եւ դատարանի որոշմամբ` տիկին Լորետան տուժողի իրավահաջորդ ճանաչվեց: Չնայած առողջական խնդիրներին, նա ներկայանալու է առաջիկա նիստերին:

Այսօրվա դատական նիստին 4 վկաները կրկին չէին ներկայացել: Ոստիկանության համապատասխան բաժիններից տեղեկատվություն էր ստացվել, որ նրանցից մեկը փոխել է բնակության վայրը, մյուսն էլ` գտնվում է Կիպրոսում: Ցուցմունք տվեց միայն Մարիամ Մարտիրոսյանը: Նա դատավորին հայտնեց, որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեկ անգամ է տեսել` Անի Մաջնունյանի սպանության դեպքի օրը: Ամբաստանյալն էլ ասաց, որ վկային նախկինում չի ճանաչել:

«Այլ մանրամասների տեղյակ չեմ, ուղղակի դեպքի օրը երեկոյան Անիենց տանն էի, երբ ներս եկավ ինքը, ես էլ դուրս եկա: Իրենք բավականին ջերմ էին, բարեւեցին իրար: Անին մայրիկիս ընկերուհին էր: Մայրս մահացել էր, գնացել էի Անիի հետ խոսելու: Ներս մտավ Մուշեղը: Ինձ թվաց, թե նա խմած է, մի քիչ տարօրինակ էր իրեն պահում: Ուշադիր նայում էր ինձ, ես նստած էի բազմոցին, նա էլ մյուս բազմոցին նստեց: Հասկացա, որ իրենք խոսելու բան ունեն, այդ պատճառով ես դուրս եկա` ժամը մոտ 23:00-ի կողմերը: Անիի հետ պայմանավորվեցի, որ հետո կգամ»,-պատմեց Մարիամը:

Նա հաստատեց, որ ճանաչում է Անի Մաջնունյանի նախկին ամուսնուն` Գաբրիելին, որից էլ վերցրել է Անիի հեռախոսահամարը:

Հիշեցնենք, որ այս մասին դատարանում որպես վկա պատմել էր նաեւ Գաբրիելը:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին` իր խափանման միջոց համարվող կալանքը ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին որոշմամբ փոխարինելու խնդրանքով: Դատավոր Աբրահամյանը կրկին տեղյակ պահեց, որ դրան կանդրադառնան միջնորդությունների քննարկման փուլում` վկաների հարցաքննության փուլի ավարտից հետո:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիս 20-ին` ժամը 13:00-ին: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում Մուշեղ Մխիթարյանն ասել էր,  որ չի ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031