«Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարեցին, որ 94-ի զինադադարի պայմանագիրը գործում է եւ այն միակ փաստաթուղթն է: Իսկ 94-ի պայմանագրում հստակ ամրագրված է ԼՂ ստորագրությունը: Հայտարարության մեջ անուղղակի նշվում է՝ Լեռնային Ղարաբաղը կողմ է, առանց ԼՂՀ-ի որեւէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը: Զինադադարի ստորագրման տրամաբանությունը պետք է շարունակվի, այլ սկզբունք չի կարող լինել: ՀՀ նախագահի առաջարկն ընդունվեց, վերահաստատվեց, որ ԼՂ-ն կոնֆլիկտի եւ բանակցությունների կողմ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպումը ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ասաց, որ տարիներ շարունակ հայկական կողմը նշել է, որ մենք միայն կողմ ենք շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, միակ կողմը, որը դեմ է եղել, եղել է Ադրբեջանը՝ իր նախագահով հանդերձ: Նրանք ասում էին՝ հողերից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ: Մենք տեսանք, որ այստեղ եւս Ադրբեջանն իր նպատակներին չհասավ: 3 համանախագահ երկրների կողմից ընդունվեց մեր առաջարկը, որ այս փուլում է անհրաժեշտ ներդնել հետաքննության մեխանիզմները: Ընդգծվեց այն, որ բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լինի, այսինքն, Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից, չիրականացավ: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզը, Մոսկվան ընդունել են պաշտոնական Երեւանի առաջարկները եւ ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երեւանը: Նախագահ Սարգսյանի առաջարկներն ընդունվել են եւ արտացոլումն են ստացել երեկվա հայտարարության մեջ: Սա շատ կարեւոր է: Համանախագահները հաստատեցին, որ պաշտոնական Բաքվի բոլոր պահանջները չիրականացան: Գոնե արտաքուստ այդ հայտարարության տեքստի մեջ Բաքվի որեւէ պահանջ, առաջարկ չի իրականացվել»:
Նա նշեց, որ սա անել հնարավոր եղավ մեր բանակի եւ զինվորների քաջության շնորհիվ. «Ադրբեջանը ձախողվեց եւ ռազմական դաշտում, հաջողության չհասավ նաեւ երեկ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ