ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ Հովհաննես Վարդանյանը բակալավրիատի առաջին կուրսում աշխատել է ոչ իր մասնագիտությամբ՝ և՛ հացի փռում, և՛ սուպերմարկետում։ Հովհաննեսի համար շատ դժվար է եղել ուսման հետ զուգահեռ աշխատել հացի փռում:
-Դասերից հետո գնում էի հացի փուռ, տուն վերադառնում միայն վաղ առավոտյան: Հասցնում էի լոգանք ընդունել ու վազել դասի: Քնում էի լսարանում դասերի ժամանակ, երթուղայինում տուն գնալիս, – պատմում է Հովհաննեսը: Այս ամենը, բնականաբար, բացասական էր անդրադառնում նրա ուսման մակարդակի վրա։
Որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ ուժերը պետք է փորձի մասնագիտական բնագավառում՝ ժուռնալիստիկայում։ Փորձի ձեռքբերման նպատակով սկզբում անվճար նյութեր էր տպագրում մայր բուհի «Երևանի համալսարան» ամսաթերթում, իսկ հետագայում՝ նրան աշխատանք են առաջարկում և նա սիրով ընդունում է։ Վերջինիս համոզմամբ՝ երբ մարդ ինչ-որ բանի ձգտում է, ապա անպայման հասնում է, կարևորը՝ ներքին ցանկություն լինի։ Եթե մեկը սեր չունի իր մասնագիտության նկատմամբ, ապա մի քանի ամսից ավել չի կարողանա «ձգել» այդ միջավայրում։
«Ոչ մի գործատու քո ունակություններին ծանոթ չէ, դրա համար փորձաշրջան է անհրաժեշտ, որպեսզի բացահայտեն քո ընդունակությունները, այդժամ նրանք կնկատեն քո ձիրքերը և հաստատ մասնագիտական բնագավառում նորանոր դռներ կբացվեն»,- վստահեցնում է Հովհաննեսը։ Նա նաև զբաղվում է ներհամալսարանական ակտիվ գործունեությամբ, սակայն դա նրան չի խանգարում պարտաճանաչ ներկայանալ բոլոր դասերին։
Կարդացեք նաև
Կարող ենք փաստել, որ ներկայումս Հովհաննեսի աշխատանքը և ուսումը միմյանց փոխլրացնում են, սակայն բոլոր դեպքերում չէ, որ հաջողվում է գտնել սեփական մասնագիտությանը համապատասխան աշխատանք։ Շատ ուսանողներ տարբեր դրդապատճառներով ստիպված են աշխատել ոչ մասնագիտական աշխատանքներով։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողուհի Նվարդ Կիրակոսյանը 2-րդ կուրսից աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկում։ Այդպիսի որոշում է կայացրել սկզբնական շրջանում՝ ինքնահաստատման, հետագայում՝ փող վաստակելու նպատակով։
«Չնայած իմ աշխատանքը մասնագիտությանս (պարենամթերքի փորձաքննող) հետ անմիջականորեն չի առնչվում, սակայն այն ինձ շատ մեծ օգուտ է տվել։ Հիմա ուղղակի չեմ կարող չաշխատել»,- ասում է Նվարդը։ Նրա կարծիքով, եթե սովորելու ցանկությունը մեծ է, ապա գործը չի կարող նրան խանգարել։ Բնականաբար, դժվար է միաժամանակ երկու «ձմերուկ բռնել», բայց հեշտությամբ ոչ մեկին ոչինչ չի տրվում։
«Աշխատանքս դասերիս խանգարում էր այնքանով, որ շատ հոգնածության դեպքում շատ դեպքերում դասերն անտեսում էի, բայց ձգտում էի քննություններին անպատրաստ չներկայանալ։ Եթե հնարավոր էր լինում, ազատ օր էի վերցնում պարապելու համար»,- պատմում է Նվարդը։ Իր մասնագիտությամբ աշխատելու լուրջ փորձեր չի արել, որովհետև մտածել է, որ առանց դիպլոմի ու համապատասխան աշխատանքային փորձի՝ ոչ մի գործատու իրեն չի ընդունի։
Վերոնշյալ դեպքերում մեր «հերոսներին» գրեթե հաջողվում է համատեղել ուսումը և աշխատանքը, սակայն գերակշռում են այն դեպքերը, երբ նման կարգավիճակում գտնվող ուսանողները հաճախակի են բացակայում, դասերին մեծամասամբ անպարտաճանաչ են ներկայանում կամ միայն ֆիզիկական ներկայություն ապահովում։
«Կան ուսանողներ, ովքեր ընտանիք են պահում։ Ես նույնիսկ հարգանք եմ տածում նրանց հանդեպ։ Այդ իսկ պատճառով, եթե ուշանում են դասից կամ բացակայում, գիտեմ, որ քնած են մնացել, և հոգնածությունն է պատճառը», – ասում է ՀՊՄՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Քնար Ուզունյանը, որը գործնականում հաճախ է ականատես լինում նման իրավիճակների։ Նա հիշեց մի դեպք, երբ իրենց համալսարանում մի աշխատող ուսանող ամբողջ դասի ընթացքում քնել էր, դասախոսը վերարկուով ծածկել էր նրան, իսկ երբ վերջինս արթնացել էր՝ շատ վատ էր զգացել իր արարքից։ Քնար Ուզունյանի կարծիքով՝ նման դեպքերում ուսանողը մեղավոր չի։ Եթե այդ իրավիճակում գտնվելիս նրանք նույնիսկ դասերին չհաճախեն, դասախոսը ներողամտությամբ է մոտենում այս հարցին՝ դրության մեջ մտնելով։ Նա առաջարկում է նման դեպքերում մնալ տանը և հանգստանալ, քանի որ դասի հաճախելու ժամանակ էլ, միևնույնն է, չեն կարողանում կենտրոնանալ դասախոսության վրա։
Իսկ ինչ վերաբերում է այն ուսանողներին, ովքեր իրենց ուժերի սահմաններում ձգտում են հնարավորինս պատրաստ ներկայանալ քննություններին, Ք․ Ուզունյանը ընդառաջում է՝ նույնիսկ ավելի բարձր գնահատական է նշանակում, քան մյուս՝ ավելի լավ սովորողներին։
Ողջունելի փաստ է, երբ դասախոսները չեն առաջնորդվում Րաֆֆու տեր-թոդիկյան «ֆալախկայի» մեթոդներով, և հոգեբանական մոտեցում են ցուցաբերում իրադրությանը, բայց արի ու տես, որ որոշները օգտվելով այդ արտոնությունից, երբեմն չարաշահում են վստահությունը, անհարկի բացակայությունները վերագրելով աշխատանքին։ Լինում են դեպքեր, երբ նույնիսկ շատ անպատշաճ և ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում դասախոսի նկատմամբ․ «Նրանց թվում է, թե դու ես մեղավոր իրենց վիճակի համար։ Այնպես են խոսում կարծես պարտավոր ես զիջել, նշանակել իրենց քննությունները, քանի որ աշխատում են և չեն հասցնում պարապել։ Ես միայն նրանց նմանատիպ սանձարձակությունը չեմ հանդուրժում, սակայն երբեք լուծարք չեմ թողել»։
Հենց վերջին հանգամանքն էլ գուցե ոչ թե խրախուսում է ուսանողներին մյուս անգամ լավ պատրաստվել, այլ հույս է ներշնչում, որ չպարապած էլ կարող է ստուգարք ստանալ։
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը նշված երևույթներին սովորաբար նորմալ է վերաբերվում, եթե ուսանողն իր այդ լրացուցիչ կարգավիճակը չի չարաշահում։ Վերջինիս կարծիքով՝ կոնկրետ գիտական ձգտումներ և ծրագրեր ունեցող ուսանողները պետք է ապահովեն ուսումնառության գոնե մինիմումը․«Ի վերջո վաղվա գիտական դաշտը ձևավորողները նրանք են։ Հարկավ, ինչ-ինչ բացառություններ կարելի է անել, բայց ոչ կրթության կամ ուսումնառության հաշվին։ Ուսանողը կարող է աշխատել, անգամ աշխատելը լավ բան է, բայց երբեք չպետք է տեսադաշտից դուրս թողնի ուսումը, որի համար, որպես օրենք, վճարում է։ Նման դեպքերում է, որ կրթությունը դառնում է արտակարգ թանկ հաճույք, քանի որ վճարում են չսովորելու համար»։
Պարոն Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ում է պետք է ուսանողի աշխատանքը, եթե մի կողմից աշխատում և վճարում է իր կրթության դիմաց, մյուս դեպքում՝ դուրս մնում կրթական գործընթացից։ Ամեն դեպքում, եթե կարիք կա աշխատելու, ապա դասախոսը կարծում է, որ ուսանողի աշխատելու հանգամանքը պետք է հնարավորինս հավասարակշռված լինի։
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Էմմա Հովսեփյանը այն անձանցից է, ով «ոչ վճարում է, ոչ էլ հաճախում դասերին»։ Բակալավրիատում լրագրություն սովորելուց հետո՝ առաջին հայտով անվճար ընդունվել է «Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն» բաժին։ «Սկզբում դասերին նորմալ հաճախում էի, հետո հասկացա, որ ընթացքում առանձապես մասնագիտական գիտելիքներ չեմ ստանում, և ես ավելին գիտեմ, քան այն, ինչ ստանալու էի ամեն օր գտնվելով դասերին»,- պատմում է Էմման։ Նա ներկայումս աշխատում է առաջին մասնագիտությամբ՝ որպես լրագրող, և փորձում է կայանալ այդ բնագավառում։
«Եթե զուտ փողի համար աշխատեի, ապա մեկ այլ՝ բարձր վարձատրվող գործ կգտնեի։ Բայց դա չի նշանակում, որ մասնագիտությանս ոլորտում առաջանալը սոցիալապես կայունանալ չի ենթադրում»,- ասում է ուսանող-լրագրողը։
Ս․ Հովհաննիսյանը չի բացառում նաև երկրորդ դեպքը, երբ աշխատանքն ու ուսումնական գործընթացը կարող են նաև համադրվել միմյանց․ օրինակ՝ ուսանողը լրացուցիչ գումար կունենա իր գիտական հետաքրքրությունները բավարարելու համար, թեկուզ գրքեր գնելու հնարավորություն․«Այստեղ, թվում է, թե աշխատող ուսանողը հոգեբանական առավելություն է ձեռք բերում չաշխատող ուսանողի նկատմամբ»։ Այն նաև ուսանողին որոշակիորեն անկախություն է տալիս ծնողներից, ընտանիքից և այլն։
Այս խնդրի վերաբերյալ լուծումներն ու մոտեցումները բազմազան են։ Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր անձ ինքն է տնօրինում իր ճակատագիրը և գիտի իր ակնկալիքներն ու սպասումներն այս աշխարհում, ուղղակի պետք չէ կորցնել ուսանողական տարիները, որոնք երբեք չեն կրկնվի, այն գիտելիքները, որոնք այլ միջավայրում երբեք ձեռք չեն բերվում։ Ինչ վերաբերում է աշխատանքի մեջ կայացմանը՝ դրան կարելի է հասնել կյանքի տարբեր ժամանակահատվածներում, որի համար ուղղակի մի քիչ ջանասիրություն ու ձգտում է անհրաժեշտ։ Իսկ այն անձինք, ովքեր կարողանում են համադրել երկուսը մեկում՝ բացառիկ հաջողությունների կարող են հասնել, սակայն առողջության վտանգման հաշվին։
Արմինե ԲԵՐԱԿՉՅԱՆ