Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական ֆոն է ստեղծվում՝ հնարավոր բանակցությունների համար». Ալեքսանդր Արզումանյան

Մայիս 17,2016 13:53

«Հանդիպման փաստը ինքնին կարեւոր է: Կարեւոր է նաեւ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միասնական հայտարարեց, որ պետք է բացառել ռազմական լուծումը եւ պնդումը, որ կողմերը պետք է վերադառնան 94-95-ի եռակողմ պայմանագրին՝ հրադադարի մասին: Նաեւ խոսվեց այն մասին, որ կողմերը համաձայնել են միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման մասին, ինչի մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է, իսկ Ադրբեջանը հրաժարվել: Այդ առումով կարելի է ասել դրական ֆոն է ստեղծվում՝ հնարավոր բանակցությունների վերսկսման համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսպես մեկնաբանեց  Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, հայկական կողմին սա տալիս է նաեւ հնարավորություն դադար վերցնելու եւ զբաղվելու բանակաշինությամբ՝ դասեր քաղել այն բացթողումներից, որ մենք ունեցել ենք, հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատժել, սպառազինությամբ զբաղվել լրջագույնս:

Ինչպես նաեւ, ըստ նրա, պետք է ներքաղաքական կյանքում կատարել ռեալ ռեֆորմներ, ինչը կբացառի կոռուպցիոն դրսեւորումները՝ հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրի համար. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողությունների վերսկսման, բայց դրա հետ մեկտեղ չպետք է խուսափի բանակցություններից: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինպես չի հարգել 94-ի զինադադարի պայմանագիրը: Բայց այս անգամ կա եռանախագահների միահամուռ հորդորն ու պահանջը, եթե մեխանիզմներ ներդրվեն, դա հնարավորություն կտա արդեն հասցեական հայտարարություն անել»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը 3 նախապայման էր առաջ քաշել, որից հետո նոր միայն կհանդիպի Ալիեւի հետ, բայց իր նախապայմաններից ոչ մեկը ըստ էության դեռ չի արվել՝ նա գնաց հանդիպման, սա հայկական կողմի դիրքերը չի՞ թուլացնում՝ պարոն Արզումանյանը պատասխանեց. «Նայած ոնց մեկնաբանես: Նախապայմաններից երկուսը վերահաստատվել են, մեկը չի կատարվել, որը հռետորական է, դա հասցեական հայտարարությունների մասին է: Հասցեական հայտարարություն բացառված է, որ միջնորդներից մեկը անի, դա աքսիոմա է: Հասցեական հայտարարություններ կարելի է ակնկալել բարեկամ երկրներից: Հիմա զոհվում են զինվորներ, այս գիշեր էլ, ցավոք, զոհեր ենք տվել, սա կարելի է համարել պատերազմի իներցիան: Դեռեւս չի վերահաստատվել զինադադարի ռեժիմ: Դիտորդների քանակը լրացնելով՝ հնարավոր կլինի զինադադարի ամրապնդման ճանապարհին ռեալ ձեռքբերումներ արձանագրել»:

Հարցին՝ Ադրբեջանը առ այս պահը ոչինչ չի ստացել բանակցություններից, ինչի՞ պետք է ինքը հարգի այդ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք Իլհամ Ալիեւին, ես չգիտեմ ինչի պետք է հարգի, ինչու ոչ: Ես ընդամենը ասում եմ՝ մենք, որպես երկիր, պարտավոր ենք 2 բան անել՝ ունենանք ադեկվատ բանակ, որը եթե պետք լինի, կպատժի նախահարձակ կողմին եւ չխուսափենք բանակցություններից: Վախենալու որեւէ բան չունենք բանակցություններից: Մենք մեր հարցը ռազմի դաշտում լուծել ենք, մնում է դա բերենք խաղաղության սեղան: Ադրբեջանը դա հիմա կհասկանա, թե տարիներ անց՝ դա Ադրբեջանի խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031