«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը ահազանգեց, որ մենք մեր մոլորակը հասցնում ենք այն սահմանին, որ կորուստներն անդառնալի են:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը այն եզակիներից էր, որ հրավիրված է եղել մասնակցելու Ժնևում կայացած ՄԱԿ-ում կայուն զարգացման համաեվրոպական ֆորումին: Այստեղ ներկայացվել է մի չափից դուրս անհանգստացնող զեկույց, որին մեր երկրի անտարբերությունը տիկին Դանիելյանը անհասկանալի է համարում:
Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ պետական մարմինները չեն կարևորում նման միջոցառումների մասնակցությունը: Ժնևում կայացած ֆորումին մեր պետական ներկայացուցիչը չի մասնակցել: Այս առիթով տիկին Դանիելյանն ասաց. «Չեմ կողմնորոշվում` ինչու չկար, քանի որ ԱԳՆ-ին հարցրի, ասացին, թե հրավեր չեն ստացել: Մեր ԱԺ-ն ընդհանրապես դուրս է մնում այս գործընթացներից»:
Խոսելով ՀՀ-ի` նման ֆորումներին մասնակցության ոչ բավարար աստիճանի մասին` Կարինե Դանիելյանը նշեց. «Մոտ 46 անգամ այս անկախության տարիներին մասնակցել եմ ՄԱԿ-ի կամ Եվրոպայի տարբեր միջոցառումներին, բայց երևի մի վեց-յոթ դեպք կարող եմ նշել, որ մեր պատվիրակությունները նորմալ եկել ու աշխատել են: Մնացած դեպքերում Հայաստանի տեղը դատարկ է եղել, պատվիրակությունները եկել են, բայց չգիտես ուր են եղել, ինչ են արել: Մինչդեռ շատ ակտիվ են աշխատում Ադրբեջանը, Թուրքիան ու Ղազախստանը»:
Կարդացեք նաև
Տիկին Դանիելյանը նշեց նաև, որ որոշ առաջընթաց, այնուամենայնիվ, կարելի է նկատել, քանի որ մայիսի 5-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կայուն զարգացման նիստ, որտեղ հավանության է արժանացել այն ծրագիրը, որտեղ ընդգրկված են ՀՀ-ում կայուն զարգացում ապահովելու ուղղությունները:
Կարինե Դանիելյանը պնդեց, թե այժմ մեր երկրում բազում էկոլոգիական խնդիրներ շարունակվում են չլուծված մնալ` գետերը վերածվել են աղբատարների և այլն: Մինչդեռ մինչ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը, երբ իրենք բարձրաձայնում էին այս խնդիրների մասին` իրենց ուշադրություն չէին դարձնում, ասելով՝ «ցանցառ էկոլոգներ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ