Ազգային ժողովում մայիսի 17-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը զեկուցում էր 2015 թվականի ՀՌԱՀ-ի գործունեությունը:
Զեկույցից հետո պատգամավոր Լեւոն Դոխոլյանը նկատեց, որ հատկապես մարզերում կարելի է հանդիպել թրքալեզու հաճախականությունների, նա հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է այդ հաճախականությունների վրա սահմանափակումներ կիրառել:
Ժիրայր Դադասյանը պատասխանեց, որ այդ խնդրի կապակցությամբ շատ խորհրդակցություններ են ունենում հատկապես BRAF-ի շրջանակներում, որը Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների կարգավորող մարմինների հարթակն է. «Այդ խնդիրը միշտ առկա է: Եվ պետք է ասեմ, որ թուրքերն էլ շատ բողոքում են, որ իրենց մոտ մեր հեռուստաընկերություններն են շատ ակտիվ, մինչեւ Իգդիր նայում են: Այսինքն՝ այս խնդիրն իսկապես կարգավորման կարոտ է, բայց իհարկե՛, թվայնացման անցումով որոշակիորեն այդ հնարավորությունները կարող են ստեղծվել: Այդ հարցին, ավելի շատ գուցե պրոֆեսիոնալները տեխնիկական մասով կարող են պատասխանել, թե ինչպես, բայց որ խնդիրն առկա է իսկապես այդ խնդիրը կա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ