Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլի արձագանքները Վիեննայի հանդիպմանը

Մայիս 17,2016 11:15

2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքականության ղեկավարների և համանախագահների մասնակցությամբ, կայացավ հանդիպում, որն առաջինն էր 2016թ. ապրիլին հակամարտ կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։

Վիեննայի հանդիպումը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, որոնք մի շարք անդրադարձներ են կատարել այդ թեմայի վերաբերյալ։

Իր ծավալուն անդրադարձում Vatican Radion գրում է հակամարտության պատմության և 2016թ. ապրիլին կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումի վերաբերյալ՝ նշելով, որ Վիեննայի հանդիպումը խիստ կարևոր էր, որովհետև ապրիլյան դեպքերից հետո այն առաջինն էր և մինչև վերջին պահը հստակ չէր՝ կկայանա՞ արդյոք հանդիպումը, թե՞ ոչ։

Լրատվամիջոցը գրում է, որ կողմերի միջև լարվածությունն այն աստիճան սուր է, որ այն նույնիսկ դրսևորվեց »Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում։

Փորձելով հասկանալ 2016թ. ապրիլյան դեպքերը նախաձեռնելու պատճառը՝ հոդվածագիրը գրում է, որ մասնագետների կարծիքով այդ ամենը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը ցանկանում է իր վերահսկողության տակ առնել այդ հողերը, որի հետևանքով էլ սրեց իրավիճակը։

Լրատվամիջոցն ավելացնում է նաև, որ ապրիլյան դեպքերից հետո սրանք կողմերի ձեռնարկած առաջին քայլերն են՝ Հռոմի պապի այցելությունից առաջ, որին ուզում են հյուրընկալել հակամարտող երկրները։

Միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հատկապես կողմերի միջև պայմանավորվածությունը՝ շփման գծում մշտադիտարկման իրականացման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ։ Վիեննայի բանակցությունների մասին իր անդրադարձում այս թեմային հատկապես ուշադրություն է դարձրել ռուսական RT-ն։

Միջազգային Reuters լրատվական գործակալությունը հատկապես ուշադրություն է դարձրել հանգամանքին, որ կողմերը, համաձայնվելով հանդիպել Վիեննայում, ըստ էության, վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին և համաձայնություն են ձեռք բերել՝ բանակցությունները հետագայում ևս շարունակելու վերաբերյալ։

Գերմանական հանրահայտ DW-ն նույնպես ծավալուն անդրադարձ է կատարել Վիեննայի հանդիպմանը։ Լրատվամիջոցի կարծիքով՝ հանդիպման փաստն արդեն իսկ վկայում է, որ Սարգսյանն ու Ալիևը պատրաստ են քաղաքական երկխոսության շարունակմանը։

Գերմանական պարբերականը անդրադարձ է կատարել նաև փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտության երկու կողմերին էլ, իսկ Թուրքիան անվերապահորեն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031