Երաժիշտ Գիսանե Պալյանի կարծիքով, գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլը» բավականին քաղաքականացված մրցույթ է, եւ ամեն տարի մի խնդիր է վերցվում, ու, ըստ դրա, մի երկրի է հաղթանակ տրվում։
«Ինձ համար պարադոքսը նրանում է, որ իրենք՝ «Եվրատեսիլի» կազմակերպիչները, պահանջելով չքաղաքականացնել իրենց մրցույթը, հենց իրենք են քաղաքականացնում, այսինքն՝ քաղաքական դիտարկումներից ելնելով, հաղթանակը շնորհվում է այս կամ այն երգին»,- ասում է Գիսանե Պալյանն ու նկատում, որ այստեղ առանձնահատուկ տրամաբանություն փնտրելն անիմաստ է, որովհետեւ այս պահին միգուցե Եվրոպային անհանգստացնում է Ուկրաինայի եւ Ղրիմի հետ կապված խնդիրը, եւ կուզենային որոշակի արձագանք տալ դրան, հետեւաբար, նաեւ փիառ անել այդ խնդիրը. «Այդտեղ միգուցե նաեւ իրենց անձնական շահերը կան. Ուկրաինայի՝ դեպի Եվրոպա տարվող քաղաքականությունն ավելի մոտ է իրենց, քան, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչել կամ չճանաչելու խնդիրը, որը Եվրոպային կարծես թե չի էլ հետաքրքրում կամ գոնե քիչ է հետաքրքրում։ Այս հարցում կոնկրետ իրենց քաղաքական շահերն են արծարծվում, դրա համար էլ բարձրաձայնվում է այդ խնդիրը»։
Ըստ Գիսանեի, եթե մենք հասկանանք, որ սա քաղաքականացված մրցույթ է, եւ հաղթող երգը ոչ միայն կատարման, այլեւ զուտ քաղաքական լինելու համար է հաղթում, ապա այդ խնդիրն այլեւս մեզ համար ուշադրության արժանի չի լինի։ Իսկ ընդհանրապես, ինքը լուրջ չի վերաբերվում այդ մրցույթին, որովհետեւ հենց նույն այդ քաղաքական միտումներն էլ արժեզրկում են արվեստի պահը։ Դեռ չի հաղթել մի երգ, որը, որպես երաժիշտ, ինքը հավանել է. «Զուտ երաժշտական առումով, կարելի է ասել, միջակ մրցույթ է»:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում