Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում` բոլորը մեկ սենյակում

Մայիս 17,2016 10:33

«Սմերչ» ու «Սոլնցեպյոկ» կիրառելուց հետո Ալիեւը պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցությունները

Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո միակ նշանակալի իրադարձությունը, որը կարելի է կապել 1994թ. կնքված զինադադարից հետո ամենախոշոր ու ամենադաժան ապրիլյան էսկալացիայից մեկուկես ամիս հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերով երեկ Վիեննայում կազմակերպած հանդիպումն էր:
Մայիսի 16-ի երեկոյան կայացած հանդիպումը բավական ներկայացուցչական էր. այն ընթացավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի պետնախարար Արլեմ Դեզիրի հովանու ներքո: Այս փաստն արդեն իսկ վկայում էր, թե ինչ լուրջ ջանքեր են գործադրում միջնորդները` ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու, նոր բանակցությունների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ԱԳ նախարարի եւ ռուս համանախագահի հետ նստած էին մի կողմում, նրանց դիմաց` ադրբեջանական պատվիրակությունը` Ֆրանսիայի պետնախարարի ու ֆրանսիացի համանախագահի հետ, իսկ սեղանի կենտրոնում` որպես նախագահող, ամերիկյան կողմն էր` Ջոն Քերիի գլխավորությամբ:

Վիեննայում նախ կայացել էր Սարգսյան-Քերի հանդիպումը: «Կարեւորելով ՄԽ համանախագահողների մայիսի տասներկուսի հայտարարությունը` նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է ապահովել 1994թ. զինադադարի մասին եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի լիարժեք իրականացումը, ինչպես նաեւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրումը: Ընդգծելով փաստը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարներն են նախաձեռնել ներկայիս հանդիպումը՝ հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրանք նույնպիսի հետեւողականությամբ իրենց հասցեական դիրքորոշումներով ու հստակ քայլերով կնպաստեն բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ»,- ասվում էր նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը պատրաստակամություն էր հայտնել շարունակել բանակցությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության` ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել էր, որ կողմերին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ՝ վստահության մեխանիզմները ուժեղացնելու համար։ Ըստ այդմ, նա նշել էր բանակցությունների կառուցողական բնույթն ու դրանց շարունակության անհրաժեշտությունը։

Մինչեւ ուշ երեկո հստակ չէր` արդյոք տեղի ունենալո՞ւ է Սարգսյան-Ալիեւ առանձին հանդիպում: Սակայն կեսգիշերին կայացավ բոլորը մեկ սենյակում ձեւաչափով հանդիպում Ջոն Քերիի, Սերգեյ Լավրովի, Հարլեմ Դեզիրի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հանդիպման ավարտին, կեսգիշերին, դեռեւս ամփոփիչ հայտարարություն չէր տարածվել:

Նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները. «Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:

Հայաստանի դիրքորոշումը Վիեննայի հանդիպումներից առաջ կոշտ էր

Ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո պաշտոնական Երեւանը ներկայացրեց իր դիրքորոշումը` բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, առանց Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման: Այնուհետեւ բանակցությունների վերսկսման համար ՀՀ իշխանությունները ներկայացրեցին հետեւյալ նախապայմանները` վստահության վերականգնում, հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ-ի ժողովրդի նկատմամբ։

Ավելին` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը` հայտնելով, որ հրահանգել է ՀՀ ԱԳՆ-ին աշխատել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Ապրիլի 4-ին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը փաստեց, որ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգությունները, խաղաղության հաստատման կոչերն արդյունավետ չեն այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը ու չեն նախատեսում հետեւանքներ դրանց անտեսման համար:

Նա նշեց. «Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ եւ առաջ զինադադարի հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաեւ ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը»: Ապա նա հավելել էր. «Երկրորդ՝ ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որեւէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը եւ հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին: Հայկական կողմը, եւ դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութացվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները»:

Հստակ է, որ Վիեննայի բանակցությունների կայացումը կարեւոր էր նախ՝ լարվածության թուլացման, վերջնականապես փակուղում հայտնված բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պահպանման համար: Ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 16-ը Մոսկվայում ձեռք բերված բանավոր հրադադարը չի պահպանվել, Ադրբեջանը շարունակել է իր ագրեսիվ քաղաքականությունը, եւ այստեղ կարեւոր է հարցը, թե միջնորդները գործուն քայլեր ձեռնարկե՞լ են, այլ կերպ ասած` պարտադրե՞լ են Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը, համոզե՞լ են Բաքվին համաձայնել սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման գաղափարին:

Այս հարցերին շատ շուտով հնարավոր կլինի պատասխանել, դրանք թաքցնել հնարավոր չի լինի: Նկատենք, որ անցյալ շաբաթ Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյի միջեւ բանակցություններում երկուստեք ընդգծվել էր հրադադարի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հրատապությունը։

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը։ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները` առանց Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման, վստահության վերականգնումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը, հասցեական հայտարարությունները, երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂ ժողովրդի նկատմամբ, մինչեւ Վիեննայի հանդիպումը հնարավոր չդարձավ ապահովել:

Եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է գնալ բանակցությունների, ապա նա կա՛մ ուներ հիմքեր` համոզված լինելու, որ իր առաջ քաշած պայմանների շուրջ հնարավոր է պայմանավորվածությունների գալ գոնե մոտ ապագայում, կա՛մ քիչ անց պարզ կդառնա, որ Վիեննայի բանակցությունների նպատակն ընդամենը բանակցային գործընթացի շարունակման ֆոն ապահովելն էր, ընդ որում՝ հղի առավել անկանխատեսելի հետեւանքներով:

ԼՂՀ ճանաչման ժամանակը չէ

Վիեննայի բանակցություններից մեկ օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին: Օրենքի նախագիծը չընդգրկվեց խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե այս պահին նպատակահարմար չէ ԼՂՀ ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Նա նաեւ անիմաստ է համարել խոսել բանակցային գործընթացի մասին, քանի որ նախ՝ պետք է լինի կայուն զինադադար, վստահության միջոցներ կյանքի կոչվեն:

ՀՀ իշխանությունները եթե ԼՂ բանակցային գործընթացին չխանգարելու հիմնավորմամբ են ԼՂՀ ճանաչումը ոչ նպատակահարմար որակում այս պահին, ապա որեւէ բացատրություն պաշտոնական Երեւանը առայժմ չի տվել, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում բանակցային գործընթացում ԼՂ-ն վերադարձնելու ուղղությամբ: Վիեննա մեկնելն ինչ-որ առումով Սերժ Սարգսյանի կողմից կարելի է հայկական կողմի զիջումը համարել, հետեւաբար հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինել, թե ինչ զիջումների է գնացել պաշտոնական Բաքուն՝ Վիեննայում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Կապրենք՝ կտեսնենք։ Չնայած ՝ մեծ հույսեր չեմ փայփայում։ Եթե հաջորդ հանդիպմանը ներկա չգտնվի Ղարաբաղը ՝ սա ուղղակի խայտառակ պարտություն է։ Նշանակում է, զենք չունենք ու հաջորդ հարձակմանը չենք կարող դիմակայել։ Սրա հիմնական պատճառը լափոցն է ու ռուսաստանին անվերապահորեն հանձնվելը ։ Եվ այս երկու հանգամանքը սերտորեն փոխկապված են։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031