Լրահոս
Օրվա լրահոսը

Չլինե՛լ տարածաշրջանի «փոքրաթիվ դավաճանների» եւ «մեծաթիվ հիմարների» շարքում

Մայիս 17,2016 22:00

Ակնհայտ է, որ քառօրյա կամ երկրորդ Ղարաբաղյան պատերազմին հետեւելու էր ակտիվ քաղաքական-դիվանագիտական գործընթաց, որը թարմություն պետք է հաղորդեր տեղում դոփող բազմամյա բանակցություններին: Առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Եվրոպան չի կարող հանդուրժել անկառավարելի գործընթացներ իր հարավարեւելյան ծայրամասում, որքան էլ որ այն առայժմ լինի ռուսական կայսերական գերիշխանության ներքո:

Սակայն մյուս կողմից՝ մերձավորարեւելյան հակամարտությունները, այդ թվում՝ սիրիական, իրաքյան, քրդական, թուրքական հիմնախնդիրները Եվրոպային կանգնեցրել են դրամատիկ որոշումների անհրաժեշտության հրամայականի առջեւ: Իսկ դա նշանակում է հավաքական կամք, միջոցներ, ոչ ստանդարտ որոշումներ, այսինքն՝ այն, ինչը շատ դժվար է այս փուլում ակնկալել Եվրոպայից՝ հաշվի առնելով նրա՝ միութենական կառույցների ճգնաժամը, որոշ պետությունների վերնախավերի, այսպես կոչված, «պրագմատիզմը», որով քողարկվում է պարզ եւ ավանդական նացիոնալ-էգոիզմը, ինչի ականատեսը հայերը եղել են վերջին գրեթե երկու հարյուր տարիների ընթացքում: Դրան ականատես ենք եղել ոչ միայն մենք՝ հայերս:

Հարցրեք լեհերին, բուլղարացիներին, սերբերին, հույներին, ուկրաինացիներին եւ այլոց… Նրանք կպատմեն ձեզ, թե ինչպիսի «բարիքներ» էր բերել ռուսական կամ օսմանյան տիրապետությունը, եւ ինչ էր անում Եվրոպան այդ ժամանակ: Ինչ ջանքեր թափեցին այդ ազգերը՝ այդ ստորացուցիչ լծից ազատվելու համար, եւ որքան թանկ գին վճարեցին ազատության դիմաց, այդ թվում՝ սեփական պատրանքներից ձերբազատվելու ճանապարհին, թե՝ հեսա-հեսա… «մերոնք» գալիս են…

Բայց «մերոնք» չէին գալիս ու չէին էլ գալու, ոչ թե որովհետեւ «վատն էին», այլ քանի որ գործում էր կատարված փաստի քաղաքականությունը, ինչի այբուբենը սերտել էին Մոնղոլական Հորդայից սերված երկու կայսրությունները՝ Ռուսականը եւ Օսմանյանը՝ նրանից ժառանգելով ամենաբիրտ եւ հետամնաց, մարդատյաց եւ սրբապիղծ էությունը:
Իհարկե, սա անցյալ է, պատմություն, եւ այն կարելի էր թողնել պատմաբաններին, եթե չլիներ մի իրողություն: Այսօրվա Ռուսաստանը եւ Թուրքիան, ցավոք, իրենց վերնախավերի շուրթերով մեծագույն ակնածանքով են արտահայտվում այդ «երանելի» ժամանակաշրջանի բարքերի մասին: Մոսկվայում, որտեղ ուզում են «ռուսական աշխարհի» ֆաշիստական գաղափարը կյանքի կոչել, «մոռացել» են, թե ինչ ողբերգություն եւ ցեղասպանություն էին բերել Կովկաս, ինչպիսի նվաստացուցիչ ճորտատիրություն էին հաստատել, ինչ արհավիրք էին դարձել հրեական համայնքների համար, «մոռացել են», որ «պոգրոմ» բառը ռուսերենից անցել է այլ լեզուներ առանց թարգմանության: Իսկ Անկարայում, որտեղ ուզում են նույնքան ֆաշիստական «թյուրքական աշխարհ» կյանքի կոչել, շարունակում են գովաբանել օսմանյան անցյալը, վայրենության եւ բթամտության այդ աննախադեպ «շքահանդեսը»՝ ենիչերին, դեւշիրմեն եւ հարեմներն իրենց ներքինի պահակներով: Եվ ահա՛, տիկին Էրդողանն էլ հարեմը համարում է «կանանց՝ կյանքի լավագույն դպրոցը»:

Իհարկե, այդ կայսրությունների հարատեւությունը պայմանավորված էր իրենց հակաքաղաքակրթական տիրապետությունը պաշտպանելու համար բիրտ ուժ գործադրելու մշտական սպառնալիքով, ինչպես նաեւ հպատակ ժողովուրդների՝ «փոքրաթիվ դավաճաններով եւ մեծաթիվ հիմարներով», ինչպես Ու. Չերչիլն ասել էր միանգամայն այլ առիթով: Ինչ արած, սա է մեր միջավայրը, մեր անվտանգության, մեր աշխարհագրության միջավայրը…

… Եվ ուրեմն, սկսվել է բանակցությունների հերթական ակտիվ փուլը, որը պարզ չէ, թե ուր է տանում: Եվ պարզ չէ, քանի որ մենք ինքնե՛րս դեռ չենք ձեւավորել մեր տեսլականն ու պատկերացումը, թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում մեր պետական ապագան: Մենք, լինելով Հարավարեւելյան Եվրոպայի մի փոքրիկ պետություն, առանց ելքի դեպի ծով, ունենալով «դաշնակից», որը դաշնակից չէ, այլ հակառակորդին հերթական անգամ զինող մի գիշատիչ, որին ոչ էլ մենք ենք դաշնակից, այլ ընդամենը իր ստեղծած իրավիճակի պատանդ, իրավիճակ, որը ստեղծվել է նույնպես Չերչիլի մատնանշած «փոքրաթիվ դավաճանների եւ մեծաթիվ հիմարների» շնորհիվ, մենք, ի վերջո՝ ի՞նչ ենք ուզում աշխարհից եւ ինքներս մեզանից: Թվում է՝ պատասխանը պարզ է. կյանք, անվտանգություն, ապագա, ազատություն, զարգացում, արժանապատվություն, այսինքն՝ այն, ինչ ուզել եւ ուզում է ցանկացած հանրություն՝ անկախ աշխարհամասից, քանզի դա է պահանջում մարդկային, համամարդկային էությունը: Բայց… փորձեք հարցնել հայ մարդկանց, եւ դուք կլսեք բազմապիսի վարիացիաներ՝ փոխբացառող, նեղացած, չարացած, բայց եւ՝ բացատրելի:

Բայց եւ այնպես, այս անգամ մենք թույլ չտվեցինք, որ ռուսական եւ թուրքական «լավագույն» ավանդույթները ժառանգած, սրբություն չունեցող չեկիստին «համազգային լիդեր» հռչակած, նրա ամբարտավան զավակին ցմահ իշխանություն տված եւ 97 տոկոս վստահություն շնորհած, սաֆարովներին եւ հայ զինվորի կտրած գլուխը գյուղով ման տվող այլ ստահակներին հերոս հռչակած հարեւանն իրավիճակ փոխի, իսկ մեր ռուս «դաշնակիցը» մեզ հերթական անգամ «փրկի»՝ պարտադրելով մեզ բանակցային գործընթացը «տանել» իր դաշտ: Եվրոպան մնում է գլխավոր հարթակը: Եվրոպական «պրագմատիզմին» դաշնակցում է ամերիկյան իդեալիզմը՝ ուղղված ամբողջ Եվրոպային, սակայն սահմանափակված իրատեսությամբ: Իսկ իրատեսությունը ենթադրում է ոչ թե արտաքին քաղաքական «բարեգործություն», այլ ընդհանուր շահերի եւ արժեքների, փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերություն: Դա միակ գործոնն է, որը կարող է բանակցային գործընթացում բեկել իրավիճակը խաղաղության եւ, հետեւաբար, մե՛ր օգտին: Եվ ո՛չ մի խաբկանք, ո՛չ մի «մերոնք» կամ «ձերոնք»: Եվրոպան միջազգային հարաբերություններում թույլերին եւ հիմարներին կարող է խղճալ, բայց ոչ թե համարել յուրային: Մենք հաստատ թույլ չենք, հարցական է մնում երկրորդի պարագայում…
… Երեք հարյուր տարի Բալկանները տառապում էին հակամարտությունների հորձանուտում: Խաղաղությունը տիրեց, երբ այնտեղից վռնդվեցին կայսրությունները՝ Օսմանյան, Ավստրո-Հունգարական, Ռուսական, կայսերական հավակնությունները չեզոքացվեցին, պատժվեցին տեղական խառնակիչները, իսկ հակամարտություններին տրվեց երրորդ «չափում», այն է՝ անվտանգություն, ազատություն, ժողովրդավարություն, զարգացում երաշխավորող ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում: Դա էլ բերեց շահերի ընկալումների օրինաչափական փոփոխությունների, հատկապես երբ գործի դրվեց «բուլդոզերային» դիվանագիտությունը:

Վաղ թե ուշ, Կովկասի ապագան որոշվելու է նույն շրջանակներում եւ նույն տրամաբանությամբ, քանզի այդպիսին է տարածաշրջանային զարգացումների ուրվագծված օրինաչափությունը, եւ հայերին հակացուցված է լինել թե՛ այն «փոքրաթիվ դավաճանների», թե՛ «մեծաթիվ հիմարների» շարքերում, որոնք կփորձեն տարածաշրջանում կախվել կայսրությունների փեշերից: Որովհետեւ ապագան, ինչպես Բալկանների փորձն է ցույց տալիս, որոշվում է նաեւ այդ՝ «կախվողների» շահերի հաշվին: Եվ դրա համար արդեն թող գլխով պատասխան տան տարբեր բյուլ-բյուլ-օղլիներ, պատերազմ սանձազերծող, այնուհետեւ Ռուսաստանից հրադադար մուրացող հասանովներ կամ Մոսկվային շնորհակալություն հայտնող՝ մազութի տակառի այլեւայլ անպատասխանատու պատասխանատուներ: Էլ չեմ խոսում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի սահմանը փակ պահող խավարամիտ «կիսասուլթանների» մասին: Դա արդեն իրենց խնդիրն է: Մեր խնդիրն է չսխալվել մեր միջավայրի, մեր ապագայի, մեր տարածաշրջանում կանխորոշված գործընթացների գնահատականներում: Արեւմտյան քամին կարող է թե՛ կործանել մեր կայմը, թե՛ արագություն հաղորդել մեր նավին՝ կախված նրանից, թե որքանով են համընթաց ուղղված մեր առագաստները: Սա արդեն նաեւ նավապետի պատասխանատվության հարցն է:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031