Օպերային արվեստում ոչ պաշտոնապես օպերային «Օսկար» անվանվող, հեղինակավոր Միջազգային օպերային մրցույթի 2016 թ. գլխավոր մրցանակակիրներ դարձան իտալացի սոպրանո Մարիելլա Դեվիան եւ ԱՄՆ-ն ներկայացնող քնարական տենոր Գրեգորի Կունդեն: Այս մասին տեղեկանում ենք TACC-ի հաղորդագրությունից:
Կիրակի երեկոյան Լոնդոնի «Սավոյ» թատրոնում կայացավ մրցանակների հանձնման արարողությունը: Թատրոնի տանիքի տակ էին հավաքվել օպերային արվեստի համաշխարհային մեծությունները:
Մարիելլա Դեվիան համարվեց լավագույնը՝ առաջ անցնելով եզրափակիչում հայտնված հինգ երգչուհիներին, այդ թվում՝ ռուսաստանյան աշխարհահռչակ օպերային աստղ Աննա Նետրեբկոյին:
Լավագույն երիտասարդ երգչուհի կոչմանն արժանացավ Մարիինյան թատրոնի սոպրանո, Լիտվայի քաղաքացի, 35-ամյա Հասմիկ Գրիգորյանը: Իր հոբելյանը երգչուհին նշել էր մայիսի 12-ին, եւ այս մրցանակն իսկական նվեր էր նրա համար:
Կարդացեք նաև
32-ամյա ֆրանսիացի Ստանիսլաս դե Բարբերյակն էլ հաղթեց «Լավագույն երիտասարդ երգիչ» անվանակարգում:
Ընդհանուր հաշվով մրցանակներ շնորհվեցին ավելի քան 20 անվանակարգերում:
Լուսանկարը՝ Սերգեյ Բոբիլովի/TACC